Ջիվան Գասպարյան. Ինչպե՞ս կարող են մի քանի ժամ շարունակ հեռարձակել մի անտաղանդ երգչի համերգը
«Պետք է ռեստորանը տարբերել իրական արվեստից»,- այսօր «Ուրբաթ» ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց դուդուկահար Ջիվան Գասպարյանը՝ դժգոհությունը հայտնելով մերօրյա «արվեստագետներից» ու նրանց եթեր տրամադրող հեռուստաընկերություններից ։
«Հեռուստատեսությունը ամենամեծ պրոպագանդիստն է: Ինչպե՞ս կարող են մի քանի ժամ շարունակ եթեր տալ մի անտաղանդ երգչի համերգը: Դա սարսափելի մասշտաբներ է կրում հատկապես տոնական օրերին: Բանական մարդը անգամ Շառլ Ազնավուրին կամ Մայքլ Ջեքսոնին այդքան երկար չի կարող լսել: Հեռուստաընկերությունները այդքանով փչացնում են մեր ճաշակը: Թող հասկանան` ում և ինչու են ցույց տալիս»,- ասաց վարպետը:
Լրագրողներին պատմելով իր երազանքի մասին՝ Ջիվան Գասպարյանն ասաց. «Ես որբ եմ մեծացել և գիտեմ, թե ինչ է նշանակում լինել ծնողազուրկ: Այդ է պատճառը, որ ուզում եմ բարեգործական երաժշտական դպրոց բացել, որտեղ անվճար հիմունքներով կսովորեն մանկատներում ապրող տաղանդավոր երեխաները»:
Վարպետը պատրաստվում է անձամբ պարապել երեխաների հետ, որոնք կուսանեն երգ, պար, դաշնամուր, բայց շեշտը, իհարկե, կդրվի դուդուկի վրա: «Դպրոցի շենքը արդեն կա: Դա իմ սեփական եռահարկ շինությունն է: Մնում է գտնել հովանավորներ: Նաև կազմակերպում ենք բարեգործական համերգներ, որոնց հասույթը տրամադրվելու է դպրոցին: Պլանավորում ենք, որ դպրոցը կսկսի գործել 2012 թվականից: Իսկ ինձանից հետո այդ գործը կշարունակի թոռս` Ջիվան Գասպարյանը»:
Վարպետը նշեց, որ շուրջ 12 տարի է՝ պարապում է թոռան հետ, նրա համար բացել է դուդուկի գաղտնիքներն ու նրբությունները, և նա է իր գործի իրական կրողը, իրական աշակերտն ու ժառանգողը:










