Պիրս Մորգանը կարող է գերազանցե՞լ Լարի Քինգին

19:55 • 18.01.11

Հունվարի 17–ի երեկոյան CNN հեռուստաալիքով եթեր է հեռարձակվել բրիտանացի հեռուստահաղորդավար Պիրս Մորգանի «Piers Morgan Tonight» նոր հեռուստաշոուն։

Մորգանի առաջին հյուրն է եղել հանրահայտ հաղորդավարուհի Օփրա Ուինֆրին։ Մոտ մեկ ժամ Մորգանը Օփրայի հետ զրուցել է նրա անձնական կյանքի և կարիերայի, ինչպես նաև ապագա ծրագրերի մասին։ Այսպես, Օփրան պատմել է, որ պատրաստվում է իր գրեթե 3 մլրդ դոլարի կարողությունը կտակել բարեգործական նպատակներով։ Ինչպես նաև, հեռուստահաղորդավարուհին խոստովանել է, որ դեռ չի պատրաստվում ամուսնանալ իր զուգընկեր Ստեդման Գրեհեմի հետ։

«Piers Morgan Tonight» շոուն CNN–ի երեկոյան փրայմթայմում փոխարինել է «Larry King Live» հեռուստաշոուին, որը եթեր էր հեռարձակվում ավելի քան 20 տարի։ Նրա անփոխարինելի հաղորդավար Լարի Քինգը հայտարարել էր շոուն փակելու մասին դեռ 2010–ի ամռանը՝ դեկտեմբերի 16–ին անցկացնելով իր հաղորդման վերջին թողարկումը։

Նշենք, որ, ընդհանուր առմամբ, քննադատները Պիրս Մորգանի դեբյուտը դրական են գնահատել։

The New York Post պարբերականն ընդգծում է Մորգանի՝ հաղորդման առաջին իսկ թողարկմանն ամերիկյան հեռուստատեսության հրետանի Օփրա Ուինֆրիին հրավիրելու քաջությունը։

Ըստ The Philadelphia Inquirer պարբերականի՝ եթե Մորգանը շարունակի նույն ոգով, ապա մոտ ապագայում կկարողանա գերազանցել անգամ Լարի Քինգին։