«Եվրատեսիլ 2011-ին» Հայաստանի առաջին ելույթը կկայանա մայիսի 10-ն
Մեծերի «Եվրատեսիլ» երգի մրցույթում Հայաստանի ներկայացուցչի առաջին ելույթը կկայանա այս տարվա մայիսին 10–ին։ Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարեց «Եվրատեսիլ 2011»–ի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը։
««Եվրատեսիլ» երգի մրցույթի մեր ելույթի օրը մայիսի 10–ն է, այսինքն Հայաստանն առաջին կիսաեզրափակչում է։ Երեկ կատարվել է պաշտոնական վիճակահանությունը, և ըստ այդ վիճակահանության՝ Հայաստանը լինելու է առաջին կիսաեզրափակչում։ Երկրների հերթականությունը կորոշվի մարտի 10–ին՝ պատվիրակությունների ղեկավարների հանդիպման ժամանակ, բայց այսօր արդեն կարող ենք ասել, որ մեր առաջին ելույթը կլինի 2011թ. մայիսի 10–ին»,– հայտարարեց նա։
Պատվիրակության ղեկավարը տեղեկացրեց նաև, որ Հայաստանի հետ մրցելու են Ալբանիան, Ֆինլանդիան, Վրաստանը, Նորվեգիան, Լեհաստանը, Ռուսաստանը, Սերբիան, Շվեյցարիան, Թուրքիան, Ադրբեջանը, Խորվաթիան, Հունաստանը, Հունգարիան, Իսլանդիան, Լիտվան, Մալթան, Պորտուգալիան և Սան Մարինոն։
Հիշեցնենք, որ «Եվրատեսիլին-2011-ին» Հայաստանը ներկայացնում է Էմմին։
Ի դեպ, մրցույթի համար երգեր ներկայացնելու ժամկետը երկարաձգվել է մինչև հունվարի 23–ը, 30–ից ավելի երգեր արդեն իսկ ներկայացվել են։










