Սփիլբերգի հետ բանակցում են Եղեռնին նվիրված ֆիլմ նկարահանելու համար

16:59 • 18.01.11

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Ազգային կինոկենտրոնը նախատեսում է լայնամասշտաբ ֆիլմ նկարահանել, որը վեր կհանի հայոց պատմության ողբերգական էջերը: «Մենք 100-ամյակին պիտի ունենանք ֆիլմ, որ կարողանանք ցույց տալ աշխարհին: Ավելին ենք ուզում, քան «Մայրիկն» ու «Արարատը»»,- ասուլիսի ժամանակ ասաց Ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը:

Ներկայում բանակցություններ են ընթանում աշխարհահռչակ անձանց` ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգի, հայազգի սցենարիստ Սթիվեն Զեյլիանի հետ: Վերջինս «Շինդլերի ցուցակը» ֆիլմի սցենարիստն է: Արտերկրում սցենար գրելու, այն հաստատելու պրոցեսը, ըստ Գևորգյանի, բավական բարդ է, «անցում է հարյուր փուլով»:

Թե բանակցությունների վերջնական փուլում որ ռեժիսորը կնկարահանի Եղեռնի մասին ֆիլմը, վերջինս դժվարացավ ասել: Հայտնի է միայն, որ ֆիլմում շեշտը դրվելու է ոչ միայն հայ, այլև օտարազգի դերասանների վրա: