Հանրայինով կցուցադրվի մանկական ֆիլմերի շարք, կհեռարձակվի կինոյի խնդիրներն արծարծող թոք շոու
Սերիա՞լ, թե՞ ֆիլմ. հայկական իրականության մեջ ո՞րն է ավելի շահավետ նկարահանել մեր օրերում, ի՞նչ խնդիրներ են ծառացել հայկական կինոյի առջև:
Այս և նմանատիպ այլ հարցերի պատասխանեց Ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը` դժգոհելով, որ բանավիճող մյուս կողմը` հեռուստաընկերությունները, չէին եկել ասուլիսին:
Նա հայկական հեռուստաեթերում սերիալ նկարահանելու ու ցուցադրելու մոլուցքը բացատրեց մի շարք պատճառներով: Ըստ նրա` պատճառները մի քանիսն են: Առաջինն այն է, որ պահանջարկն է ծնում առաջարկ:
«Հեռուսատեսությունները հիմնականում սեփական են, որոնց նպատակը գովազդի միջոցով գումար աշխատելն է… Դժբախտաբար, սերիալների առաջարկը մեծ է: Ինչո՞ւ է սերիալի ռեյտինգը բարձր, որովհետև շատ մարդիկ են նայում: Սերիալ նկարահանելը շահավետ է: Հեռուստաընկերությունների համար գումար վաստակելը շատ կարևոր է»,- ասաց նա` նկատելով, թե հատկապես ռեյտինգային սերիալների մեջ գովազդի գինը շատ բարձր է:
Պատճառներից մեկն էլ այն է, որ հիմա ավելի քիչ ֆիլմեր են նկարահանվում գործող հեռուստաընկերությունների թվի համեմատ: Սերալ նկարահանելը, ըստ Կինոկենտրոնի տնօրենի, շատ էժան է, պրոֆեսիոնալիզմը` ցածր:
Ազգային կինոկենտրոնը, համագործակցելով Հանրային հեռուստաընկերության հետ, նախատեսում է Հանրայինով ցուցադրել մանկական ֆիլմերի շարք: Կցուցադրվեն անիմացիոն, դեբյուտային ֆիլմեր, մոտ ապագայում կհեռարձակվի կինոյի խնդիրներն արծարծող թոք շոու, որի ժամանակ կփորձեն մեծացնել հայկական կինոյի նկատմամբ հետաքրքրությունը:
Հանրայինից բացի` Ազգային կինոկենտրոնը ներկայում բանակցություններ է վարում մի քանի այլ հեռուստաընկերությունների հետ: «Հեռուստաընկերություն-կինոարտադրություն կապը շահավետ պետք է լինի: Մեզ մոտ դա խնդիր է»,- ասում է Գևորգյանը:










