«Կինոաշունն» այս տարի դուրս կգա Երևանի սահմաններից

16:37 • 18.01.11

Հայաստանի ազգային կինոկենտրոնն այս տարի նախատեսում է «Կինոաշուն» փառատոնը դուրս բերել Երևանի սահմաններից, այս տարի ևս բարձրարժեք կինոյի սիրահարներին մատուցել հայկական կինոյի տոն: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը:

Ներկայում Կինոկենտրոնը ջանքեր է գործադրում մարզերում ու գյուղական բնակավայրերում կենդանություն պարգևել չգործող կինոթատրոններին, բանակցություններ է վարում գյուղական համայնքներում թեկուզ բացօթյա ցուցադրություններ կազմակերպելու ուղղությամբ։ «Որքան շատ լինի կինոթատրոնների թիվը, այնքան մեծ թվով մարդիկ կգան կինոթատրոններ»,- համոզված է Գևորգյանը` համամիտ չլինելով տարածված այն կարծիքին, թե մարդիկ, միևնույն է, չեն այցելի կինոթատրոններ:

Կինոկենտրոնը բացօթյա ցուցադրությունների փորձ արդեն ունի: 2010թ. փառատոնի ընթացքում Սիրահարների այգում կազմակերպվել են հայկական կինոյի ցուցադրություններ, որոնց նպատակը, ըստ Գևորգյանի, հանդիսատեսին դեպի կինո առաջնորդելն է:

Մոտ ապագայում նկարահանվելիք ֆիլմերի որակը բարձրացնելու նպատակով փոխվել է Ազգային կինոկենտրոնի գեղարվեստական խումբը, որի փոխարեն ձևավորվել է փորձագետների խումբ:

«Կինոաշուն» փառատոնի շրջանակում Ազգային կինոկենտրոնը համագործակցում է հեռուստաընկերությունների հետ, որոնք, գովազդելով փառատոնը, անվճար ցուցադրում են հայկական ֆիլմեր:

Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ իրականացվող «Կինոաշուն» ծրագիրը նպատակ ունի վերահաստատել Հայաստանում արտադրված ֆիլմերի ցուցադրման բարի ավանդույթը, վերադարձնել երբեմնի համբավը: