«Եվրատեսիլին» մասնակցելու իրավունքից Բելառուսը կարող է զրկվել

14:08 • 19.01.11

Եվրախորհրդարանի մի շարք անդամներ մտադիր են Եվրոպական հեռարձակման միության ղեկավարությանը ուղերձ հղել՝ Բելառուսին «Եվրատեսիլ» երգի մրցույթին մասնակցելու իրավունքից զրկելու պահանջով։ Այս մասին հայտնում է NEWSru.com-ը։

Մրցույթի մասնակցությունից Բելառուսին զրկելու առաջարկը պատժամիջոցների տարբերակներից մեկն է, որը Եվրամիությունը նախապատրաստում է ի պատասխան Մինսկի իշխանությունների կողմից 2010–ի դեկտեմբերի 19–ի երկրում նախագահական ընտրություններին հաջորդած ընդդիմության ցույցերը ճնշելուն։

Անցյալ շաբաթ Եվրախորհրդարանի ղեկավար Եժի Բուզեկը առաջարկել էր Բելառուսին զրկել միջազգային սպորտային իրադարձություններին մասնակցելու իրավունքից։ Մասնավորապես՝ Բուզեկը ցանկանում է բելառուսցի մարզիկներին արգելել մասնակցելու Օլիմպիական խաղերին և աշխարհի առաջնություններին։

Բելառուսը եվրոպական միակ երկիրն է, որը «Եվրատեսիլի» նախապատրաստական աշխատանքներն ու մասնակցությունը լիովին իրականացնում է պետբյուջեից ֆինանսավորում ստանալով։