Նադեժդա Սարգսյանի մատը խա՞ռն է ջազային քոլեջի շուրջ պատմությանը

16:15 • 19.01.11

Թե ինչ նպատակ է հետապնդում Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջը Երևանի մշակույթի պետական քոլեջին միացնելու որոշումը, այդ առնչությամբ ջազային քոլեջի կոլեկտիվն ունի իր կարծիքը:

Նախկինում Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջը գործում էր Երիտասարդական պալատի տարածքում:

«Ինչո՞ւ շենք գնեն մեզ համար, եթե կարելի է կցել մի քոլեջի…Եվ մեզ տարան մշակույթի քոլեջի 3-4-րդ հարկը»,- ասաց ջազային քոլեջի դերասանական արվեստի բաժնի դասախոս Անահիտ Մազմանյանը: «Եթե խնդիրը հաստիքների կրճատման հաշվին բյուջե լցնելն է, թող նախարարություններ ձուլեն իրար: Թող առողջապահության նախարարությունը միացնեն սոցապի հետ, մշակույթը` գիտության, կրթության, սպորտի»,- առաջարկեց նա:
Նույն շենքում է գործում նաև Նադեժդա Սարգսյանի ղեկավարած հաստատությունը, որը շուրջ տասը տարեկան է:

Լրագրողների այն հարցին, թե արդյո՞ք Նադեժդա Սարգսյան դեմ չէ մշակույթի նախարարության որոշմանը, երաժիշտներն ասացին, թե տվյալ պարագայում տրամաբանական է մտածել, որ Նադյան դեմ չէ ոչ հիշյալ որոշմանը, ոչ էլ միավորված քոլեջը ղեկավարելուն: «Ի՞նչ կապ ունի Նադյան, Նադյան ոչ մի առնչություն չունի»,- ասաց երգիչ Ռուբեն Մաթևոսյանը: «Մենք չգիտենք, գուցե Նադյան էլ համաձայն չէ»,- ավելացրեց տիկին Մազմանյանը` ասելով, թե իրենք չեն խոսել Նադեժդա Սարգսյանի հետ, սակայն գիտեն, որ երգչուհին քաջատեղյակ է եղել որոշման մասին:

Լրագրողների համառության արդյունքում Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջի տնօրեն Ակսել Բակունցը, ի վերջո, հայտնեց իր մտավախությունը` ասելով, թե վստահ չէ, որ ճիշտ է, սակայն «քոլեջները միավորելու հարցը ծագեց նրանից, որ մենք տեղափոխվեցինք կինոտեխնիկումի նախկին շենքը… Եվ այնտեղի տնօրենը որոշեց, որ ինքը լինի տնօրեն: Դա իմ կարծիքն է: Գուցե սխալվում եմ: Դրա համար չենք կարող դիմել Նադեժդային: Դա հնարավոր բան չէ»,- հայտարարեց Բակունցը` ասելով, որ դրա հեղինակը հենց Նադեժդան է: