«Ընդհատված երգը» ֆիլմի պաշտոնական կայքը ենթարկվել է ադրբեջանցի հաքերների հարձակմանը
Հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին պատմող առաջին գեղարվեստական «Ընդհատված երգը» ֆիլմի պաշտոնական կայքը հունվարի 18-ի լույս 19-ի գիշերը ադրբեջանական հաքերների կողմից հարձակման է ենթարկվել։ Ինչպես տեղեկացնում է «Ընդհատված երգը» ֆիլմի մամուլի քարտուղար Տիգրան Գրիգորյանը, www.prervannaya-pesnya.ru կայքի բոլոր այցելուները մեխանիկորեն վերահասցեավորվել են ադրբեջանական հակահայկական բովանդակության կայքերի վրա: Կարճ ժամանակ անց կայքը սպասարկող կազմակերպության ջանքերով դրա բնականոն աշխատանքը վերականգնվել է:
Գործարկվելու առաջին երկու օրերին կայքն ունեցել է ավելի քան 25 000 այցելու:
Ֆիլմի ստեղծողները ադրբեջանական հաքերների նման քայլը դիտարկում են որպես հայերի ուժերով նկարահանվող ֆիլմի հանդեպ այնհանդուրժողականության ևս մեկ դրսևորում:
«Ընդհատված երգը» կինոնկարի ստեղծման գաղափարը պատկանում է Մոսկվայում բնակվող մի խումբ հայ երիտասարդների: Ֆիլմի նպատակն է անաչառ մոտեցմամբ ներկայացնել դարերի ընթացքում ստեղծված այն իրականությունը, որն այսօր խոչընդոտում է երկու ժողովուրդների համակեցությանը:
Ֆիլմի հեղինակները չեն պաշտպանում հերոսներից որևէ մեկի դիրքորոշումը, այլ ընթացող բանավեճի միջոցով փորձում են ստեղծված իրավիճակից գտնել երկուստեք ընդունելի ելք:
Կինոնկարի պրեմիերան կկայանա Մոսկվայում՝ մայիսի վերջին, այնուհետև նպատակ կա ֆիլմը ցուցադրել ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Վրաստանի, Թուրքիայի, Հնդկաստանի, Մերձավոր Արևելքի և որոշ Բալկանյան պետությունների մեծ էկրաններին: Ֆիլմի ռեժիսորն Արիկ Մանուկյանն է, գլխավոր պրոդյուսերը՝ Աշոտ Պողոսյանը:
Ֆիլմի ֆինանսավորումն իրականացվում է ստեղծագործական խմբի անձնական միջոցներով, սակայն անհրաժեշտ են լրացուցիչ միջոցներ որոշ զանգվածային տեսարանների նկարահանման, ինչպես մաև տարբեր երկրներում պրեմիերաներն ու ցուցադրումները հավուր պատշաճի կազմակերպելու համար: Նկարահանող խումբը պատրաստ է քննարկել նախագծին օժանդակության բոլոր այն առաջարկները, որոնք չեն ենթադրում սյուժեի փոփոխում։










