«Խոդորկովսկին» կցուցադրվի Բեռլինի կինոփառատոնում
Ծագումով ռուս գերմանացի ռեժիսոր Կիրիլ (Սիրիլ) Տուշիի «Խոդորկովսկի» վավերագրական ֆիլմը փետրվարի 14-ին կցուցադրվի Բեռլինի կինոփառատոնում:
Ֆիլմը պատմում է սնանկացած նավթագազային ՅՈՒԿՕՍ ընկերության նախկին տնօրեն Միխայիլ Խոդորկովսկիի ճակատագրի մասին:
Ֆիլմին կցված համառոտ ծանոթագրության մեջ ներկայացվում է Խոդորկովսկիի ոդիսականը, նրա անցած ուղին` «սկսած կոմսոմոլի առաջնորդից մինչև կապիտալիստ ու Ռուսաստանի ամենահայտնի բանտարկյալ ու տառապյալ»: Այս մասին գրված է նավթագազային ՅՈՒԿՕՍ ընկերության նախկին տնօրենի իրավաբանական գլխավոր ծառայության տարածած հաղորդագրության մեջ:
Խոդորկովսկիի կարիերայում եղել են և՛ վայրէջքներ, և՛ վերելքներ: Ռեժիսորի խոսքով` «նրա վերջին դաժան անկումը կարելի է համեմատել շեքսպիրյան ողբերգությունների հետ»:
«Սիբիրում կայացած կինոփառատոնի ժամանակ լսեցի Խոդորկովսկիի պատմության մասին: Միանգամից մտածեցի նրա ճակատագրի մասին գեղարվեստական ֆիլմ նկարահանելու մասին, բայց երկրորդ անգամ գալով Ռուսաստան՝ հասկացա, որ գեղարվեստական ֆիլմ նկարելու ժամանակը դեռ չի եկել: Այդ ժամանակից ի վեր` շուրջ հինգ տարի, ես աշխատում էի այս վավերագրական ֆիլմի վրա»,- պատմում է Կիրիլ Տուշին, որը բազմիցս ներկա է գտնվել Խոդորկովսկիի աղմկահարույց դատական լսումներին: Նա անգամ կարողացել է հերթական հարցազրույցը վերցնել բանտարկյալից: «Ես բազմիցս հարցրել եմ ինձ: Ինչո՞ւ նա չմնաց արտասահմանում, ի՞նչը նրան ստիպեց այդպես վարվել»,- ասում է Տուշին` հուսալով, որ հանդիսատեսը ֆիլմի միջոցով «պատկերացում կկազմի երրորդ հազարամյակի Ռուսաստանի մասին, և այդ պատկերացումը, գուցե, կօգնի կամրջել նոր Ռուսաստանն ու աշխարհը…»:
Հիշեցնենք, որ Մոսկվայի Խամովնիչեսկիի դատարանը անցած շաբաթ 800 էջանոց դատավճռի հրապարակման պատճենները հանձնել էր Խոդորկովսկիի և «Մենատեպ» ընկերության նախկին ղեկավար Պլատոն Լեբեդևի գործով կողմերին:
Դատավճռի համաձայն` վերջիններս մինչև 2017թ. գտնվելու են բանտում: Նրանք մեղադրվում են ուրիշի գույքը յուրացնելու մեջ:
Ֆիլմի տևողությունը 100 րոպե է:










