«Մեր Առնոն… ու նրա մասին» ֆիլմի շնորհանդեսը հետաձգվել է
2011 թվականը հայտարարված է բաբաջանյանական տարի: Այսօր Առնո Բաբաջանյանը կդառնար 90 տարեկան: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Բաբաջանյանի ընկեր Մարկ Պետրոսյանը ներկայացրեց նրա կյանքի մասին պատմող «Մեր Առնոն… ու նրա մասին» փաստագրական ֆիլմի սյուժեն, որի սցենարիստն ու պրոդյուսերն է, և որի շնորհանդեսը պետք է կայանար այսօր, բայց ֆինանսական խնդիրների պատճառով հետաձգվել է անորոշ ժամանակով:
«Ֆիլմի գաղափարը վաղուց ունեի: Իսկ երբ Մոսկվայում հանդիպեցի Առնոյի տղային, պատմեցի նրան այդ մասին, և նա օգնեց ֆինանսավորման հարցում: Գումարը հատկացրեց Բաբաջանյանական ֆոնդը` ի դեմս իմ լավ ընկեր Ժակ Հակոբյանի: Հիմա սպասում ենք գումարի «առյուծի բաժնին», որ սկսենք մոնտաժել ֆիլմը»,- պատմեց Մարկ Պետրոսյանը:
Ֆիլմում ներառված են կոմպոզիտորի ստեղծագործությունները, և հայտնի մարդկանց պատմությունները Բաբաջանյան երևույթի մասին: « 50 րոպե տևողությամբ ֆիլմում նրա մասին պատմում են Կոբզոնը, Եվտուշենկոն, Պախմուտովան, Կոստանտին Օրբելյանը, Բաբաջանյանի որդին և այլք: Եվ նրանց պատմությունները զուգակցվում են Բաբաջանյանի ստեղծագործությունների հետ: Կան հանդիսատեսին դեռևս անհայտ կադրեր`Բաբաջանյանը «Ավրորա» նավի վրա, Բաբաջանյանը Երևանի դաշնամուրի գործարանի թողարկած առաջին դաշնամուրը փորձարկելիս, Բաբաջանյանը Դիլիջանում»,- ֆիլմի մասին պատմեց Պետրոսյանը:
Սա Մարկ Պետրոսյանի առաջին նման նախաձեռնությունը չէ: 2010 թվականին, Մշակույթի նախարարության պատվերով, նա արդեն նկարահանել է երկու կենսագրական ֆիլմ` երկու մեծանուն արվեստագետների 90-ամյա հոբելյանների նվիրված` Ալեքսանդր Հարությունյանի մասին «Մեր դասականը» և Ղազարոս Սարյանի կյանքը ներկայացնող «Սարյանների Հայաստան» պանոները: Այն հարցին, թե ինչու նախախարությունը այս նախագիծն էլ չի հովանավորում, կամ արդյո՞ք եղել է այդպիսի դիմում, Պետրոսյանը պատասխանեց. «Ինչո՞ւ եք հարցնում: Ուզում եք իմանալ` ո՞վ են նրանք կամ ո՞վ եմ ես: Ձեր հարցին չեմ պատասխանի»։ Նա ավելացրեց, որ իր տվյալներով` նախարարությունը մեկ այլ ֆիլմ է պատրաստվում նկարահանել Բաբաջանյանի մասին: «Չգիտեմ`ոնց են նկարահանելու, եթե Բաբաջանյանի մասին բոլոր տեսանյութերը ինձ մոտ են»,- ասաց նա:










