Գեղամյանի որդին Մեղրու մաքսակետի պետ չի, գործազուրկ է. «Ազգային միաբանության» փոխնախագահ
«Լավ չի, որ քաղաքական գործիչը, որն ուզում է հանդես գալ որպես արդարության ջատագով, սկսում է իր գործունեությունը ստից ու կեղծիքից»,– այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Ազգային միաբանություն» կուսակցության փոխնախագահ Գագիկ Թադևոսյանը՝ անդրադառնալով Տիգրան Կարապետյանի վերջին հայտարարություններից մեկին, թե «Ազգային միաբանության» նախագահ Արտաշես Գեղամյանը լռել է, այլևս ընդդիմություն չէ, որովհետև նրա որդին Մեղրու մաքսակետի պետի պաշտոնն է ստացել։
«Գեղամյանի տղաներից մեկն ավարտել է Լոնդոնի «Մետրոպոլիտեն» համալսարանի միջազգային բիզնես մասնագիտության մագիստրատուրան, ստացել է մագիստրի կոչում և տարիուկես է՝ գործազուրկ է։ Իսկ մյուս տղան իրավաբանական գիտությունների թեկնածու է, և ընդամենը ՀՀ ԱԺ աշխատակազմի իրավաբանական վարչությունում մասնագետ է աշխատում»,– հայտարարեց Գագիկ Թադևոսյանը՝ նկատելով. «Ստի ոտքերը կարճ են լինում»։
«Կամ շատ հաճախ թերթում ասում են՝ բա ժամանակին Սերժ Սարգսյանն անձնական վիրավորանք հասցրեց Գեղամյանին և բերում են երաժշտական գործիքի ինչ–որ անվանումներ, գիտեք ինչի մասին է խոսքը»,– շարունակեց Թադևոսյանը՝ ցավով արձանագրելով, որ լրագրողներն անձնական, էմոցիոնալ գնահատականներն ավելի են կարևորում, քան թե լուրջ քաղաքական գնահատականները։ Միաժամանակ կուսակցության փոխնախագահը հիշեցրեց, որ երկրի ղեկավարը հրապարակայնորեն Արտաշես Գեղամյանին հայրենասեր գործիչ է անվանել։
Անդրադառնալով կանխատեսումներին, թե որ քաղաքական ուժերը կլինեն ապագա խորհրդարանում, Գագիկ Թադևոսյանն ասաց, որ ինքը համաձայն է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի կանխատեսումներին և կարծում է, որ ապագա խորհրդարանում տեղ կունենան և ՀՀԿ–ն, որն ունի ադիմինստրատիվ ռեսուրս, և ԲՀԿ–ն, որն ունի հսկակայական ֆինանսական ռեսուրսներ և ամբողջ հանրապետությունում սփռված շտաբեր ու կառույցներ, և ՕԵԿ–ը, որը ևս ունի հսկայական ռեսուրսներ՝ երեք նախարարություններ, ամբողջ մարզերում ադմինիստրատիվ ռեսուրսներ։
Ինչ վերաբերում է ընդդիմադիր ուժերին, Գագիկ Թադևոսյանի համոզմամբ, ապագա խորհրդարանում տեղ ունենալու հավասար հնարավորություններ ունեն ընդդիմադիր բոլոր քաղաքական ուժերը։
Արտաքին քաղաքական խնդիրներին անդրադառնալով՝ կուսակցության փոխնախագահը նշեց, որ իրենք արտաքին քաղաքական կուրսի էական փոփոխություններ չեն ակնկալում։ «Հայ–թուրքական հարաբերությունները կմնան սառեցված, որովհետև Էրդողանի ազգայնամոլական լեքսիկոնն ավելի կթունդանա»,– հայտարարեց նա՝ միաժամանակ ավելացնելով, լուրջ տեղաշարժեր չեն լինի նաև ղարաբաղյան խնդրում։
Շեշտելով, որ Հարավային Սուդանի ինքնորոշման հանրաքվեն Ղարաբաղի համար նախադեպ է՝ Թադևոսյանը նաև ընդգծեց. «Հարավային Սուդանը նոր պիտի պետություն դառնա, իսկ Ղարաբաղն արդեն պետություն է։ Սա էլ է մեր կարծիքով շատ կարևոր»։
Ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցություններն, ըստ քաղաքական գործչի, կընթանան ստատուս քվոյի պահպանման, հարցը խաղաղությամբ լուծելու ուղղությամբ։










