Երգիչները մշակույթի նախարարության որոշումը «ոչ կոմպետենտ» են որակում
Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջը, համաձայն կառավարության համապատասխան որոշման, որոշվել է կցել Երևանի մշակույթի պետական քոլեջին, որն այսուհետ դառնալու է ջազային քոլեջի իրավահաջորդը:
Որոշմանը դեմ է քոլեջի ամբողջ կոլեկտիվը, որը շուրջ մեկ շաբաթ առաջ հրավիրված ասուլիսում դժգոհել էր մշակույթի նախարարության որոշման դեմ:
Այսօր Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջին իրենց աջակցությունն էին եկել հայտնելու քոլեջի նախկին սաներն ու դասախոսական անձնակազմի անդամները` Արմեն Սարգսյան, Անչոկ, Նաիրա, Արմանուշ Հակոբյան, Գայանե Հովհաննիսյան: Նրանց խոսքով` իրենց կոլեգաներից շատերը ևս ցանկություն ունեին իրենց միանալ, սակայն հիվանդության ու քաղաքից բացակայելու պատճառով չկարողացան գալ:
Երաժիշտներն իրենց վրդովմունքը հայտնեցին մշակույթի նախարարության որոշման կապակցությամբ` այն անվանելով «ոչ կոմպետենտ»:
Երգչուհի Նառան, ներկայացնելով 30-ամյա քոլեջի տնօրեն Ակսել Բակունցի ավանդը ջազային քոլեջի կայացման գործում, ասաց, որ իր խնդրանքն այն է, որ «վերանայվի այս հարցը»: «Եթե նորը կա, պետք չէ ոտնակոխ անել հինը»,- վրդովված ասաց երգչուհին:
Ջազային քոլեջի երկարամյա դասախոս Արմանուշ Հակոբյանը ևս ցավով նշեց, որ պետք չէ անտեսել Ակսել Բակունցին` մարդու, որը «շատ մեծ ավանդ ունի այս ստուդիայի կազմավորման ու ընդհանրապես նրա աճի գործում»:
Երգիչները խոսեցին նաև մշակութային այս երկու կազմակերպությունների տարբերությունների մասին` շեշտելով դրանց անհամատեղելիությունը: «Չարժե, որ խառնվի, այդ ամենը միացվի»,- պնդեց վերջինս` ասելով, թե իրենք դեմ են այդ «ոչ կոմպետենտ» որոշմանը:










