Սայաթ-Նովայի մինչև օրս անհայտ երգը կներկայացվի հանրության դատին
«Մեկ տարի հետո լրանում է հայոց անմահ երգիչ Սայաթ-Նովայի ծննդյան փառապանծ 300-ամյակը, և մենք ազգովի այսօրվանից պետք է գնանք այդ մեծ հոբելյանին ընդառաջ»,- այսօր լրագրողներին ասաց «Սայաթ-Նովա» մշակութային միության նախագահ Թովմաս Պողոսյանը:
Վերջինս արդեն նամակներ է հղել մշակույթի ու սփյուռքի նախարարություններին ու առաջարկել հոբելյանն ընդգրկել իրենց ծրագրերում:
2012թ. մեծ բանաստեղծի ծննդյան 300-ամյակը մեծ շուքով տոնելու համար, ըստ նրա, միությունն զբաղվում է դեռ 2010թ. կեսերից: «Սայաթ-Նովա» աշուղական անսամբլը համերգային մեծ ծրագիր է պատրաստում, թողարկվելու են Սայաթ-Նովայի երգերի ամբողջական ու «Սայաթ-Նովան աշուղների մեջ» ժողովածուները: Անսամբլը նախատեսում է համերգային շրջագայություններով հանդես գալ Ջավախքում, Արցախում, Սփյուռքում: Թովմաս Պողոսյանը նախատեսում է բանաստեղծին նվիրված գիտաժողովներ անցկացնել, անգամ որոշել է դիմել ՄԱԿ-ին ու ՅՈՒՆԵՍԿՕ-ին` առաջարկելով տարին հռչակել Սայաթ-Նովայի տարի:
Նա նաև սենսացիոն հայտարարություն արեց` ասելով, թե Սայաթ-Նովայի ստեղծագործությունների թիվը մեկով ավելացել է: 1986թ. Թովմաս Պողոսյանը Գյումրիում Կարապետ Դուրգարյանից լսել է Սայաթ-Նովայի մինչև օրս անհայտ երգը, որը շուտով հանրության դատին կներկայացնի «Սայաթ-Նովա» անսամբլը:










