Թովմաս Պողոսյանը թուրքերին ուղարկել է Մատենադարան՝ համոզվելու, որ Սայաթ-Նովան հայ է

15:37 • 27.01.11

«Մեր դրացիները միշտ ցանկացել են սեփականաշնորհել Սայաթ-Նովային»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ վաստակավոր արտիստ Թովմաս Պողոսյանը:

Նա խոսեց հայերի, վրացիների, ադրբեջանցիների «խանդի» մասին, որը առաջ է եկել 1852-ից հետո, երբ Գևորգ Հախվերդյանն առաջին անգամ հրատարակեց Սայաթ-Նովայի ստեղծագործությունները:

Նա տեղեկացրեց, որ այդ թեմայի վերաբերյալ թուրքական TRT հեռուստաալիքը հարցազրույց է անցկացրել իր հետ: Հեռուստաընկերության աշխատակիցները եղել են նաև Բաքվում, Թբիլիսիում, հանդիպել մասնագետների հետ: «Թիֆլիսում պնդել են, որ Սայաթ-Նովան վրացի է, Բաքվում պնդել են, որ Սայաթ-Նովան թուրք է, սակայն մենք ոչ թե պնդեցինք, այլ խոսեցինք փաստերի լեզվով»,- հավաստիացեց Թովմաս Պողոսյանը: Նա տեղեկացրեց, որ Ադրբեջանում անգամ սիմպոզիումներ են կազմակերպվել Սայաթ-Նովայի մասին:

Հարցազրույցից հետո նա թուրք լրագրողներին խորհուրդ է տվել գնալ Մատենադարան ու տեսնել այն Նարեկը, որի հիշատակարանում նշվում է թե՛ նրա վարդապետական տեր Ստեփաննոս անունը, թե՛ աշուղական Սայաթ-Նովա անունը: