Վրաստանում այսուհետ արգելվում է երգել ռուսական երգեր

18:59 • 28.01.11

Վրաստանի իշխանությունները ռեստորաններում երաժիշտներին արգելել են ռուսերեն լեզվով կատարել երգեր:

Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը, վրացական «Մաեստրո» անկախ հեռուստաալիքը նախօրեին ռեպորտաժ է պատրաստել այն մասին, թե ինչպես են մեկ շաբաթ առաջ Վրաստանի պետեկամուտների նախարարություն հրավիրվել բոլոր խոշոր ռեստորանատերերը: Սննդի սպասարկման բոլոր խոշոր կետերի ադմինիստրացիաները զգուշացվել են, որ ռուսական երգերի կատարման համար նրանք առաջին անգամ կտուգանվեն 500 լարիով (277 դոլարով): Իշխանությունները տնօրեններին նաև զգուշացրել են, որ այդ որոշման մասին տեղյակ պահեն իրենց աշխատակիցներին` չհրապարակելով որոշման աղբյուրը:

Նմանատիպ տեղեկություն է տարածել նաև վրացական «Ալիա» թերթը: Հրատարակությունը նույնիսկ նշել է այն պաշտոնյայի անունը, որն այդ որոշման հեղինակն է (Գրեգորի Ցխակայա): «Այդ մասին ոչ ոք չպետք է իմանա` ո՛չ աշխատակիցները, ո՛չ հաճախորդները: Վերջիններիս ասեք՝ ինչ կուզեք, բացատրեք՝ ինչպես կուզեք, բայց եթե փորձեք կատարել ռուսական երգեր, ձեզ կայցելեն հարկային մարմինները»,- Ցխակայայի խոսքերն է մեջբերել Georgia Times թերթը:

«Եթե այդ արգելքն օրենքի ուժ ստանա, ապա ամբողջ աշխարհը կծիծաղի Վրաստանի վրա, քանի որ դա իսկապես անհեթեթություն է»,- հայտարարել է վրացի էստրադային երգիչ, կոմպոզիտոր Թեմուր Ռցխիլաձեն: Նա հայտնել է, որ մի քանի օր առաջ իրեն ռեստորաններից մեկում խնդրել են կատարել ռուսերենով գրված իր երգերից մեկը, սակայն ռեստորանի ղեկավարությունը արգելել է նրան երգել:

InoSMI ինտերնետային պորտալն իր հերթին նշում է, որ իր աշխատակիցները, փորձելով ստուգել ստացված տեղեկությունը, երեք ռեստորանում փորձել են պատվիրել ռուսական երգեր, սակայն մերժվել են` ստանալով հետևյալ պատասխանը. «Այլևս չենք կատարում: Այն բանից հետո, ինչ նրանք մեզ արել են, դեռ պետք է երգե՞նք: Մտածել ենք ու որոշել, որ թշնամիների երգերը չենք երգելու»:

Այս եղանակով, ինպես գրում է պորտալը, ռեստորանների տնօրենները որոշել են մեղքը գցել «հայրենասեր» կատարողների վրա:

Հիշեցնենք, որ 2011թ. հունվարի 1-ից Վրաստանում արգելվել են ռուսերենով ցուցադրել ֆիլմեր: Ֆիլմերը կինոթատրոններում պետք է ցուցադրվեն վրացերենով: Այդ որոշումը տարածվում է նաև վրացական հեռուստաընկերությունների վրա: