Տիցիանի կտավը Sotheby՚s աճուրդում վաճառվել է 16,9 միլիոն դոլարով

15:31 • 28.01.11

Իտալական Վերածննդի վարպետներից մեկի` Վեչելիո Տիցիանի կտավը, որը շուրջ 450 տարի գաղտնի էր պահվում կողմնակի աչքերից, նախօրեին նյույորքյան Sotheby՚s աճուրդում վաճառվել է այս նկարչի աշխատանքների համար ռեկորդային` 16,9 միլիոն դոլարով: Աճուրդում նկարչի նախորդ աշխատանքը վաճառվել էր 13,6 միլիոն դոլարով:

Մեծ վարպետի վրձնած «Սուրբ զրույց. Աստվածամայրը մանկան և սուրբ Լուկիանոսի ու Եկատերինա Ալեքսանդրացու հետ» ստեղծագործությունը, այսպիսով, դարձել է բաց աճուրդում վաճառված հոգևոր թեմայով ամենաթանկ կտավը: Ինչպես ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությանը տեղեկացրել են աճուրդի տան ներկայացուցիչները, գնորդը, որը Եվրոպայից է, նախընտրել է չհրապարակել իր անունը: