Հայաստանի 2010թ. շնորհալիները համերգ տվեցին Կամերային երաժշտության տան
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանն կայացավ «Հայաստանի շնորհալիներ-2010» երեկոն, որին ներկա էր նաև Սերժ Սարգսյանը:
Համերգային ծրագրով հանդես եկան անցած տարի հանրապետական և միջազգային մանկապատանեկան մի շարք հեղինակավոր երաժշտական ստուգատեսներում իրենց կատարողական արվեստով հաջողության հասած մանուկներ ու պատանիներ: Հայաստանի շնորհալիների հաշվետու համերգին ներկա էին Հայաստանի երաժշտական և թատերական արվեստի ներկայացուցիչները, հասարակությանը հայտնի բազմաթիվ դեմքեր:
«Արդեն մի քանի տարի է՝ մենք փորձում ենք ներկայացնել մեր մանուկ սերնդի ներկայացուցիչների հաջողություններն անցած տարվա ընթացքում»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը` ավելացնելով, որ իրենց համար շատ կարևոր է հաշվետու լինել մշակույթի բնագավառի ներկայացուցիչների և առաջին հերթին ՀՀ նախագահի առջև, լսել նրանց խորհուրդներն ու մոտեցումները: «Այս ձևաչափը մեր կյանքում շատ պակասում է: Մենք շատ ավելի շատ շփվում ենք պաշտոնական ձևաչափում, իսկ պաշտոնական շփումների ժամանակ մենք հաճախ չենք ասում այն, ինչ մտածում ենք, և կարծում եմ, որ այս ձևաչափը բոլորին պետք է ու արդեն դարձել է ավանդույթ և պահանջ»,- շեշեց մշակույթի նախարարը:
Համերգին մասնակցում էր նաև վիրտուոզ կատարող Էդուարդ Ներսիսյանը, որն անցած տարի արժանացել է Հայաստանի նախագահի երիտասարդական մրցանակին։ Լրագրողների հետ զրույցում նա հիշեց, որ միշտ է ցանկացել մասնակցել երաժիշտների մրցույթին, սակայն տարիքը չի համապատասխանել: «Սպասում էի՝ երբ կդառնամ 18 տարեկան, և երբ անցած տարի տարիքս համապատասխանեց, ես մասնակցեցի այդ մրցույթին ու արժանացա նախագահի մրցանակին»,- պատմեց նա:










