Հայաստանում բոլոր հիմնական պատճառներից մահացության դեպքերն աճել են. երկիրը հայտնվում է Կարմիր գրքում

15:10 • 31.01.11

Նախորդ տարի հանրապետությունում արձանագրվել է մահացության 28 008 դեպք՝ 2009թ.-ի համամետ 1.6%-ով ավելի։ Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց ՀՀ ազգային վիճակագրության ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը, մահացության ընդհանուր գործակիցը 1000 բնակչի հաշվով աճել է 0.1 պրոմիլային կետով:

2010-ին, ինչպես և 2009թ.-ին, ծնվածների թվաքանակը 1.6 անգամ գերազանցել է մահացության դեպքերը:

Բնական հավելաճի գործակիցը 1000 բնակչի հաշվով 2010թ.-ին
կազմել է 5.2 պրոմիլե։ Բնական հավելաճը ցածր է եղել Լոռիում, Սյունիքում և Տավուշում։
Արագածոտնում, Լոռիում, Շիրակում և Վայց Ձորում մահացության դեպքերը միջին հանրապետական ցուցանիշից բարձր են եղել։
Նախորդ տարի աճել են բոլոր հիմնական պատճառներից մահացության դեպքերը։

Մասնավորապես, արյան շրջանառության համակարգի հիվանդություններից մահացության դեպքերն աճել են 1.2, դժբախտ պատահարներից, թունավորումներից և վնասվածքներից մահացությունները՝ 5.6, նորագոյացություններից մահացությունները՝ 2.7, մարսողական օրգանների հիվանդություններից մահացությունները՝ 2.0, վարակիչ ու մակաբուծային հիվանդություններից մահացությունները՝ 14.7, այլ հիվանդություններից մահացությունները՝ 1.9 տոկոսով։

Բացառություն են կազմում շնչառական օրգանների հիվանդություններից մահացության դեպքերը, որոնք նախորդ տարի նվազել են 4.3 տոկոսով։

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանին անհանգստացնում է Հայաստանի ժողովրդագրական վիճակը։ Եթե այսպես շարունակվի, ըստ նրա, 30 տարի անց Հայաստանի բնակչության թիվը կկազմի 1.5 մլն։

«Հայաստանը շրջապատված է երկրներով, որոնց բնակչության ընդհանուր թիվը 170 մլն է։ Եթե Ռուսաստանի բնակչությունն էլ հաշվվի, ապա կստացվի 300 մլն։ Հայաստանի բնակչությունը կազմում է այդ թվի 1 տոկոսը, իսկ 30 տարի հետո կկազմի 0.6 տոկոսը»,- իր հաշվարկները ներկայացրեց Ադիբեկյանը։

Ըստ Ադիբեկյանի՝ Հայաստանը Կարմիր գրքում է հայտնվել, ինչը լուրջ մտորումների տեղիք է տալիս։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է երեխաներին դեռ դպրոցից տեղեկացնել ընտանիք ստեղծելու և երեխա ունենալու կարևորության մասին։