Օմար Շարիֆը համերշխություն է հայտնել Եգիպտոսի ցուցարարներին

18:35 • 31.01.11

Աշխարհում ամենահայտնի արաբ կինոդերասան, հոլիվուդյան աստղ Օմար Շարիֆը, մշակույթի մի շարք գործիչների և մտավորականների հետ մեկտեղ, իր համերաշխությունն է հայտնել Եգիպտոսի ըմբոստացած ժողովրդին։

«Կարծում եմ, որ նախագահ Հոսնի Մուբարաքը պետք է հրաժարական տա։ Նա արդեն 30 տարի է՝ ղեկավարում է երկիրը։ Այդքանը լիովին բավարար է»,– նախօրեին France Inter ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է Շարիֆը։

78–ամյա դերասանը, որը ծնվել է Ալեքսանդրիայում, արաբական աշխարհում հայտնի է դարձել «Լոուրենս Արաբիացի» (1962) ֆիլմից հետո, որտեղ նա կատարել է երիտասարդ շեյխ Ալիի դերը, որի համար նա արժանացել է «Օսկար» մրցանակի՝ որպես երկրորդ պլանի լավագույն դերակատար։

«Նախագահը չի բարելավել եգիպտոսցիների կենսամակարդակը։ Երկրում կան մի խումբ մարդիկ, որոնց հարստություններն ահռելի են. նրանք, հավանաբար, կազմում են 1%, իսկ մյուսները միայն մտածում են՝ ինչպես լուծել հացի խնդիրը»,– Կահիրեի հյուրանոցներից մեկի 17–րդ հարկում տված հարցազրույցում ասել է Շարիֆն ու հավելել, որ ինքն անհանգստացած է «Մուսուլման եղբայրներ» իսլամիստական ընդդիմադիր խմբավորման առնչությամբ, որի գործողությունները բազմաթիվ տասնամյակների ընթացքում ճնշվել են իշխանությունների կողմից։

«Ես չեմ ողջունում «Մուսուլման եղբայրներին»։ Նրանց կողմ է բնակչության 20%–ը, ինչն ինձ մոտ մտավախություն է առաջացնում»,– ասել է նա։

Մուբարաքի հանդեպ բացասական վերաբերմունք արտահայտելու հետ մեկտեղ՝ դերասանն ասել է, որ երկրի նախագահն իր համար լավ փոխնախագահ է ընտրել՝ ի դեմս Օմար Սուլեյմանի, որը Իսրայելի հետ լավ հարաբերությունների մեջ է, «ինչն ինձ համար շատ կարևոր է»։