Ուկրաինայում վաճառքից հանվել են դասական նկարիչների ձեռնարկները՝ պատճառաբանելով, թե էրոտիկ բնույթի են
Բուկովինայում ոստիկանության աշխատակիցները գրախանութների վաճառքից հանել են դասական նկարիչների ձեռնարկները՝ պատճառաբանելով, թե դրանք պատկանում են «էրոտիկ և սեքսուալ բնույթի» արտադրանքների շարքին։
Վաճառքից հանված գրքերի շարքում են՝ իտալացի հայտնի նկարիչ Ջովանի Չիվարդիի «Նկար. կանացի մերկ մարմին» և «Նկար. տղամարդու մերկ մարմին» ձեռնարկները (Դասական գրականություն շարքից), ինչպես նաև «Կամասուտրա» գիրքը։ Այս մասին հայտնում է Молодий буковинець թերթը։
Շրջանի դատախազի խոսքերով՝ վերոնշյալ գրքերի նկարները, կազմն ու բովանդակությունը «էրոտիկ բնույթի տարրեր են պարունակում» և հետևաբար «պետք է հերմետիկ փակված լինեն, հատուկ ապրանքանիշ ունենան և վաճառքն անչափահասներին արգելված լինի»։
Գրախանութի սեփականատերը հայտնել է, որ ոստիկանության աշխատակիցները ցանկացել են վաճառքից հանել նաև «Այդ մասին անկեղծ զրույց» գիրքը, իսկ ինքը ստիպված է եղել բացատրել, որ այդ գիրքը սեռական դաստիարակության մասին է և նախատեսված է հենց դպրոցական տարիքի երեխաների համար։
Միաժամանակ ինչպես հայտնում է Ուկրաինայի Союзпечать գործակալությունը,Կիևում վաճառքից հանվել են նաև EGO plus և Playboy ամսագրերը։ Կրպակների աշխատողները հայտնել են, որ ոստիկանության աշխատակիցները բռնագրավել են այդ ամսագրերը՝ պատճառաբանելով, թե դրանք պոռնկագրական բնույթի են։
Սակայն Ուկրաինայի «Союзпечать» գործակալությունից հայտնել են, որ վերոնշյալ ամսագրերը էրոտիկ կամ պոռնկագրական չեն և ոստիկանության աշխատակիցների գործողությունները խախտում են Ուկրաինայի ԶԼՄ–ների մասին օրենքը։










