Կակազող արքան պարգևատրվել է ԱՄՆ-ի կինոդերասանների գիլդիայի կողմից
ԱՄՆ-ի կինոդերասանների գիլդիան «Տղամարդու լավագույն դերակատար» է ճանաչել Քոլին Փերտին, որը ռեժիսոր Թոմ Հուպերի «Արքան խոսում է» ֆիլմում մարմնավորել է բրիտանացի արքա Գեորգ VI-ին: Այդ մասին նշվում է մրցանակաբաշխության պաշտոնական կայքում: Հուպերի ֆիլմը կարողացել է հաղթահարել ռեժիսոր Դեյվիդ Ֆինչերի «Սոցիալական ցանց» ֆիլմի դիմադրությունը, որը համարվում էր «Օսկարի» գլխավոր հավակնորդներից մեկը:
«Լավագույն դերասանական խումբ» անվանակարգում դարձյալ հաղթող է ճանաչվել «Արքան խոսում է» ժապավենը: Այն պատմում է Գեորգ VI-ի` ներկայիս Էլիզաբեթ II-ի հոր մասին, որը մինչև գահ բարձրանալը տառապում էր կակազությամբ: Նա կարողանում է լոգոպեդ Լայոնել Լոգի օգնությամբ հաղթարահել կակազությունը և սովորել հրապարակավ ելույթներ ունենալ:
Նշենք, որ ֆիլմը նախկինում մրցանակների էր արժանացել ԱՄՆ-ի պրոդյուսերների ու ռեժիսորների գիլդիաների կողմից:
Կինոդերասանների գիլդիան «Կնոջ լավագույն դերակատար» անվանակարգում մրցանակ է շնորհել դերասանուհի Նատալի Փորթմանին, որը ռեժիսոր Դարեն Արանովսկիի «Սև կարապը» ֆիլմում մարմնավորել է բալետի պարուհի Նինային: «Երկրորդ պլանի լավագույն դերասան-դերասանուհիներ» են ճանաչվել Քրիստիան Բեյլը ու Մելիսա Լեոն` «Մարտիկը» ֆիլմի դերակատարները:
ԱՄՆ-ի կինոդերասանների գիլդիան մրցանակներ է շնորհում 1995-ից:
Մրցանակաբաշխությունը կայացել է հունվարի 30-ին Լոս Անջելեսում:
Որպես կանոն` մրցանակաբաշխության ժամանակ ժյուրիի անդամների կողմից պարգևատրված դերասան-դերասանուհիները ստանում են «Օսկար» մրցանակ համապատասխան անվանակարգերում: Այս գրեթե անխախտ ավանդույթը խախտվել է ընդամենը 6 անգամ:
«Արքան կակազում է» ֆիլմը «Օսկար» մրցանակաբաշխությանը ներկայացված է 12 անվանակարգում: Բացի այդ` ֆիլմը հավակնում է Կինոյի ու հեռուստատեսության բրիտանական ակադեմիայի (BAFTA) 14 անվանակարգերի մրցանակների: Իսկ Ֆինչերի «Սոցիալական ցանցը» «Օսկարի» է ներկայացված 8 անվանակարգում: Ավելի վաղ, այս ֆիլմն արժանացել էր 4 «Ոսկե գլոբուսի»:










