Լևոն Թոքմաջյանը նոր հուշարձանախումբ է քանդակել

15:33 • 01.02.11

Քանդակագործ Լևոն Թոքմաջյանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված նոր հուշարձանախումբ է հեղինակել` այն անվանելով «Տագնապ»:

Այս անվանման մեջ քանդակագործը փորձել է խտացնել հայոց մտավորականների տագնապն ու անհանգստությունը: «Բոլորը համակված են նույն տրամադրությամբ, թե ինչո՞ւ: Ես ներքին հոգեբանական խնդիր եմ ավելի շատ դրել»,- պարզաբանեց արվեստագետը:

Արձանախումբը պատկերում է բազալտից քանդակված արևմտահայ 12 մտավորականների: Կոմպոզիցիան բաժանված է մասերի` կախված քարի ծավալներից: Կենտրոնում պատկերված է Կոմիտասը` ձեռքերը դրած փակ դաշնամուրի վրա, նրան շրջապատում են Գրիգոր Զոհրապը, Սիամանթոն, Թլկատինցին, Դանիել Վարուժանը, Ռուբեն Սևակը, Տիրան Չրաքյանը (Ինտրա), Ռուբեն Զարդարյանը: Կոմպոզիցիայի մեջ տեղ է գտել նաև Սիամանթոյի մայրը: Հայտնի է, որ նա որդու մահից հետո երկար ժամանակ փնտրում էր իր զավակին: Քանդակում պատկերված է նաև երեխա` այբբենարանը ձեռքին: Որպես «հետագա սերնդի սիմվոլ, որը ծաղկեպսակ է դնում հայոց մեծերին, ես ինձ եմ պատկերել»,- խոստովանեց Թոքմաջյանը:

Քանդակ ստեղծելու նպատակը, ըստ արվեստագետի, «պատմական դառը ճշմարտությունը անմահացնելն է»:

Հուշարձանախումբն այս տարի նախատեսված է տեղադրել Էջմիածին քաղաքում: Թե կոնկրետ երբ կլինի հուշարձանախմբի բացումը, քանդակագործը դժվարացավ պատասխանել:

Քանդակագործը արձանախմբի վրա աշխատում է կառավարության պատվերով` սկսած 2005-ից: Այնուհետև պատվիրատուն դարձել է մշակույթի նախարարությունը:

Ներկայում քանդակագործն աշխատում է «Աշոտ Երկաթ» քանդակի վրա, որն անավարտ է: