ՅՈՒՆԵՍԿՕ–ն կոչ է արել պաշտպանել Եգիպտոսի գանձերը

08:25 • 02.02.11

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովան կոչ է անում պաշտպանել Եգիպտոսի մշակութային ժառանգությունը և ապահովել քաղաքացիների կարծիքի արտահայտման ազատությունը։ Այս մասին ասվում է կազմակերպության տարածած հաղորդագրության մեջ։

«Եգիպտոսի մշակութային ժառանգությունը համաշխարհային ժառանգության մի մասն է, որը մեզ է փոխանցվել դարերի ընթացքում։ Կահիրեի թանգարանի 120 հազար նմուշներ անգին են ոչ միայն գիտական և ֆինանսական առումով, այլև դրանք ցույց են տալիս եգիպտացի ժողովրդի մշակութային ինքնատիպությունը»,– հայտարարել է Բոկովան։

Նրա խոսքերով՝ դրա ապացույցն է այն հանգամանքը, որ հարյուրավոր քաղաքացիներ ինքնակամ պաշտպան են կանգնել թանգարանին՝ կենդանի շղթա կազմելով շենքի շուրջ։

«Ես պաշտոնապես խնդրում եմ ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցառումները Եգիպտոսի հարստությունները պաշտպանելու համար Կահիրեում, Լյուքսորում և երկրի այլ պատմական վայրերում»,– հայտարարել է ՅՈՒՆԵՍԿՕ–ի ղեկավարը։

Բացի այդ, նա անհանգստություն է հայտնել երկրում մարդու իրավունքների և խոսքի ազատության խախտման հետ կապված։

«Շատ կարևոր է, որպեսզի ազգային և օտարերկրյա ԶԼՄ–ները հնարավորություն ունենան ազատ կատարելու իրենց աշխատանքը և հասարակությանը օբյեկտիվ ինֆորմացիա տրամադրեն»,– ասել է Բոկովան։