Արցախում կբացվի պատկերասրահ
Այս տարի Ստեփանակերտում կբացվի պատկերասրահ, որտեղ կցուցադրվեն շուրջ 300 գեղանկարչական աշխատանքներ:
Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց նախաձեռնող խմբի հեղինակ, բարերար Գրիգոր Գաբրիելյանցը, ով իր նկարների ամբողջ հավաքածուն` 21 գեղանկարչական աշխատանք, նվիրելու է ապագա պատկերասրահին:
Խոսելով պատկերասրահ բացելու գաղափարի մասին` նա ասաց, որ ստեղծված պայմաններում, երբ Ադրբեջանը պատերազմական կոչեր է հնչեցնում ու սպառնում պատերազմով, իսկ մյուս կողմը բացում է պատկերասրահներ, պարզ է դառնում, որ «խաղաղություն ստեղծող մարդիկ այն մեկ օրվա համար չեն ստեղծում և չեն արարում այսօր հաղթելու համար, այլ պայքարում են միշտ հաղթելու համար: Մշակույթը, լուսավորությունը, խաղաղությունը հավերժ են»,- համոզված է բարերարը:
Կրթվածության կարևոր տարրերից գլխավորը, նրա կարծիքով, գեղանկարչությունն է: «Մայրաքաղաքն սկսվում է պատկերասրահներից: Բոլոր երկրներն իրավունք ունեն ապրել մշակութային նորմալ կյանքով: Մենք կարծում ենք, որ արցախցիները պետք է ունենան այդ իրավունքը: Այս փուլում մարդկանց կրթվածության աստիճանը բարձրացնելը պակաս կարևոր չէ երկրի տնտեսության զարգացումից»,- նշեց Գաբրիելյանցը:
Վերջինիս նախաձեռնությամբ Արցախում պատկերասրահի բացման կապակցությամբ մի շարք անվանի նկարիչներ` Դ. Ժիլինսկի, Սաֆոխին, Ալ. Մագելևսկի, Դ. Լավինսկի, Շևչենկո, Պ. Կուզնեցով, Յ. Գրիգորյան, Նիկողոսյան, նվիրաբերել են իրենց աշխատանքները: Հայտնի հավաքորդ Բագիրյանն իր անձնական հավաքածուից նվիրել է 18 նկար: Նկարների թվում կա Սարյանի 3 գործ (2-ի պատկանելությունը դեռ ճշտվում է), Մինասից` մեկ կտավ:
Ներկայում նկարների թիվը գնալով մեծանում է:
Մասնագիտությամբ երկրաբան Գաբրիելյանցը հետագայում պատրաստվում է իր միներալների հավաքածուն ևս նվիրել Արցախի պատկերասրահին:










