Ամերիկացի նկարիչը աղբից դիմանկարներ է պատրաստում
Սան Ֆրանցիսկոյից մի նկարիչ շատ արագ հեղինակություն է ձեռք բերել շնորհիվ յուրօրինակ մոզաիկ դիմանկարների։ Բազմաթիվ հայտնի մարդիկ այժմ դիմում են նկարիչ Ջեյսոն Մեսյերին, որպեսզի «անմահանան» ձեռքի տակ եղած նյութերից՝ մակարոնից, լոբազգիներից, դեղահաբերից ու անգամ սովորական աղբից ստեղծված պատկերներում, գրում է Daily Mail–ը։
Մեսյերի նկարների նախորդ շարքը պատրաստվել է դեղորայքից։ Օրինակ, դեղերի չափաբաժնի չարաշահումից մահացած Մայքլ Ջեքսոնի և Հիթ Լեջերի պատկերները պատրաստված են գունավոր դեղահաբերով. շատերի կարծիքով՝ դա իսկական մարտահրավեր էր։
Հերթական գլուխգործոցը ստեղծելու համար Մեսյերն սկսեց օգտագործել կրակայրիչներ, կոտրված սպասք, զարդեղեն և բջջային հեռախոսներ՝ այն ամենը, ինչ մարդիկ սովորաբար նետում են աղբարկղը։
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի պատկերը պատրաստված է բեյսբոլի գնդակներից, ծխախոտի տուփերից, կոճակներից ու կոշիկներից։ Ջեյսոնի մեկ «ստեղծագործության» արժեքը ավելի քան 1,5 հազար դոլար է։










