Սուրբ Սարգսի տոնի առթիվ միջոցառումներ կանցկացվեն

20:05 • 07.02.11

Փետրվարի 13-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի երիտասարդների արագահաս բարեխոս Ս. Սարգսի տոնը:

Արարատյան Հայրապետական թեմի Մամլո դիվանը տեղեկացնում է, որ թեմի Առաջնորդական Փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի տնօրինությամբ այդ առիթով կազմակերպվում են տարբեր բարեսիրական ձեռնարկներ:

Այս շրջանակներում փետրվարի 8-ին`ժ. 14.00-ին, այցելություն կիրականացվի Նիկողայոս Տիգրանյանի անվան Երևանի տեսողության խանգարումներ ունեցող երեխաների N14 հատուկ դպրոց: «Արարատ» միության հոգևոր հովիվ Հակոբ քահանա Խաչատրյանի գլխավորությամբ և միության անդամների ու համանուն երգչախմբի մասնակցությամբ կկատարվի Տնօրհնեքի արարողություն, կբաժանվեն նվերներ: «Արարատ» երգչախումբը կներկայանա համերգային ծրագրով:

Երեխաներին կնվիրաբերվի Բնության պահպանության թանգարանում Ռիմա Սիմոնյանի քաղցրավենիք-չրերի անհատական ցուցահանդեսում ներկայացված հավաքածուն: