Անցած տարի Հայաստանում թվայնացվել է 471 վավերագրական ֆիլմ

16:15 • 08.02.11

Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը լրագրողների հետ հանդիպմանը վստահեցրեց, որ «Հայֆիլմ» կինոստուդիայի նկարահանած բոլոր ֆիլմերն ապահով տեղափոխվել ու պահվում են արխիվում։ Հայկական ֆիլմերի պահպանումն ու թվայնացումը արխիվի կարևոր գործառույթներից է։
Անցած տարի թվայնացվել է 471 վավերագրական ֆիլմ։ Արխիվում պահպանվում է 2 հազար վավերագրական ֆիլմ, 471-ը թվայնացվել է անցած տարի, մոտ 400-ը՝ 2009թ.։ Ընդհանուր առմամբ՝ թվայնացվել է շուրջ 900 ֆիլմ։

«Եվս 2-3 տարի, և մեզ մոտ գտնվող վավերագրական բոլոր ֆիլմերը, որ արտադրվել են Հայաստանում՝ սկսած 1920-ական թվականներից, կունենաք դրանց թվային տարբերակներով»,- տեղեկացրեց նա՝ նշելով, որ դրանց թվայնացումը կհեշտացնի և՛ հեռուստաընկերությունների աշխատանքը, և՛ դրանց հետագա պահպանումը։

Ֆիլմերը ներկայում պահպանվում են գետնից մոտ 30 մետր խորության վրա, իսկ թվայնացումը հնարավորություն կտա հեշտացնել դրանց օգտագործումը։ Ինչ վերաբերում է գեղարվեստական ֆիլմերի թվայնացմանը, ապա բանախոսն ասաց, որ Հայաստանում ստեղծված գեղարվեստական ֆիլմերը թվայնացվում են համաձայն «Հայֆիլմ» կինոստուդիայի սեփականաշնորհման պայմանագրի։ Ըստ այդմ՝ գեղարվեստական ֆիլմերը թվայնացնում է «Հայֆիլմը» գնած կազմակերպությունը։ «Մեզ մոտից վերցնում են ժապավենները և դրա հիման վրա թվայնացնում են։ Մեր խնդիրը վավերագրական ֆիլմերը թվայնացնելն է»,- ասաց Վիրաբյանը՝ հավելելով, որ ընդամենը 2 տարի հետո բոլոր հայկական ֆիլմերը թվայնացված կլինեն։

Հետագայում կթվայնացվեն նաև հայտնի մշակութային գործիչների մասին խորհրդային տարբեր երկրներում ստեղծված ֆիլմերը, որոնք պահպանվում են Հայաստանի ազգային արխիվում։