Պիկասոյի սիրուհու դիմանկարը ամենաթանկն է վաճառվել Sotheby's աճուրդում

15:19 • 09.02.11

Պաբլո Պիկասոյի «Ընթերցանություն» (La Lecture) կտավը՝ վարպետի սիրուհու և բնորդուհու՝ Մարիա-Թերեզա Վալտերի դիմանկարը, Լոնդոնի Sotheby's աճուրդում վաճառվել է 25,2 միլիոն ֆունթ ստերլինգով՝ դառնալով իմպրեսիոնիստների և մոդեռնիստների աշխատանքների երեկոյան գործարքների ամենաթանկ կտավը։

Պիկասոյի նկարի համար պայքարում էին 7 գնորդ։ Ի վերջո այն բաժին է հասել անանուն մասնակցին, որը գործարքը կատարել է հեռախոսով։

Պիկասոն և Վալտերը հանդիպել են 1926թ., երբ նկարիչը 45 տարեկան էր, իսկ Վալտերը 17։ Ընդ որում այդ ժամանակ Պիկասոն արդեն ամուսնացած էր ռուս պարուհի Օլգա Խոխլովայի հետ։

«Մենք ուրախ ենք, որ Պիկասոյի «Ընթերցանությունը» վաճառել ենք այդ գնով. դա նկարչի ամենահայտնի ժամանակաշրջանի բացառիկ աշխատանք է։ Նկարը մեծ հետաքրքրություն է առաջացրել ամբողջ աշխարհում, և այդ հետաքրքրության գագաթնակետը մենք տեսանք այսօր՝ աճուրդի ժամանակ»,- ասել է Sotheby's-ի իմպրեսիոնիստների և մոդեռնիստների եվրոպական բաժնի ղեկավար Հելենա Նյումանը։

Ընդհանուր առմամբ երեկոյան գործարքները աճուրդին բերել են 68,8 միլիոն ֆունտ։ Կտավների միջին արժեքը կազմել է 2,15 միլիոն ֆունտ։

Աճուրդի ժամանակ նաև նոր ռեկորդ է սահմանել բելգիացի սյուրռեալիստ նկարիչ Ռենե Մագրիտտի թղթի վրա նկարված նկարը՝ «Դպրոցի տնօրենը», որը վաճառվել է 2,5 միլիոն ֆունտով։