Մեկնարկել է 61-րդ Բեռլինալեն

14:30 • 10.02.11

Այսօր մեկնարկել է Բեռլինի միջազգային կինոփառատոնը, որն իր աշխատանքները կշարունակի մինչև փետրվարի 20-ը։

Կինոփառատոնը կբացվի Կոեն եղբայրների «Երկաթե բռնվածք» ֆիլմով, որը միայն Հյուսիսային Ամերիկայում վարձույթում հավաքել է 155 միլիոն դոլար՝ դառնալով տարվա ամենաշահութաբեր ժապավեններից մեկը։ Ֆիլմն առաջադրվել է նաև «Օսկարի»։

Այս տարի «Բեռլինալեի» ֆիլմերի ծրագրում ընդգրկված են գերմանացի դասական ռեժիսորների 3D ձևաչափով աշխատանքները, ռուս ռեժիսորների երկու մասշտաբային ծրագրերը, Ինգմար Բերգմանի ռետրոսպեկտիվները, Խոդորկովսկիի մասին վավերագրական ֆիլմը և հատուկ ծրագիր, որը կազմված է սննդի մասին պատմող ֆիլմերից։

Մրցութային ծրագիրը կազմված է 22 ֆիլմից, որոնցից յուրաքանչյուրը հավակնում է գլխավոր մրցանակին՝ «Ոսկե արջին», ինչպես նաև «Արծաթե արջին», որը շնորհվում է լավագույն ռեժիսուրայի, կնոջ ու տղամարդու լավագույն դերակատարման համար։ Ավանդաբար, կինոփառատոնում շնորհվում է Ալֆրեդ Բաուերի անվան հատուկ մրցանակ, որին արժանանում են կինեմատոգրաֆիայում նոր ուղի հարթած ռեժիսորներն ու դեբյուտային լավագույն ֆիլմը։

Մրցութային ծրագրում ներկայացված են բրիտանացի դերասան Ռեյֆ Ֆայնսի «Կորիոլանա», ամերկացի դերասանուհի Վիկտորյա Մախոնիի «Ընդհուպ երկինք», մեքսիկուհի սցենարիստ Պաուլա Մարկովիչի «Մրցանակ» և ամերիկացի դերասանուհի ու երգչուհի Միրանդա Ջուլայի «Ապագա» դեբյուտային ֆիլմերը։

Մրցանակների են հավակնում նաև հունգարացի դասական ռեժիսոր Բելա Տարայի «Թուրինյան նժույգ», ֆրանսիացի Միշել Օսելոյի անիմացիոն «Գիշերվա հեքիաթներ», ամերիկացի Ջեյ Սի Չենդորի «Հավելյալ գրավ» թրիլերը Քևին Սփեյսիի ու Դեմի Մուրի մասնակցությամբ, իսրայելցի Ջոնաթան Սագալի «Լիպստիկա» և Ավստրիան ներկայացնող Վոլֆգանգ Մուրենբերգի «Իմ լավագույն թշնամին» ֆիլմերը

Գերմանիան Բեռլինալեում ներկայացնում են Անդրես Ֆայելյան («Ո՞վ, եթե ոչ մենք») և Ուլրիխ Քյոլլերը («Երազային հիվանդություն»), Արևելքը՝ իրանցի ռեժիսոր Ասգարա Ֆարհադին («Նադեր և Սիմին») և կորեացի Լի Յուն Կին («Մերթ անձրև, մերթ արև»)։ Հարավային Ամերիկայի պատիվը փորձելու են բարձր պահել արգենտինացի Ռոդրիգո Մորենոն («Գաղտնի աշխարհ»), իսկ ամերիկյան անկախ կինոն կներկայացնի նախկին լրագրող Ջոշուա Մարստոնը։

Ռուսաստանը կինոփառատոնին կներկայացնի հայտնի կինոդրամատուրգ Ալեքսանդր Մինդաձեն իր «Շաբաթ օրը» ֆիլմով։