Ալ Պաչինոն կմարմնավորի Մատիսին
Հոլիվուդյան դերասան Ալ Պաչինոն կխաղա Անրի Մատիսի դերը «Գլուխգործոց» (Masterpiece) ֆիլմում, որը մոտ ժամանակներս կսկսի նկարահանել Կանադայում բնակվող հնդկուհի Դիպա Մետհան։ Այս մասին հաղորդում է Variety կինոհանդեսը։
Մետհան հայտնի է «Տարերքներ» եռերգությամբ՝ «Կրակ» (Fire, 1996), «Հող» (Earth, 1998) և «Ջուր» (Water, 2005)։ Վերջին ֆիլմը հայտնվել էր Օսկարի հավակնորդների ցանկում և արժանացել քննադատների հիացմունքին։
Թե երբ կսկսվեն «Գլուխգործոցի» նկարահանումները, դեռ չի հաղորդվում, բայց հայտնի է, որ այն նվիրված կլինի Մատիսի և Մոնիկա Բուրժուայի փոխհարաբերություններին, որը քառասնականներին եղել է նրա դայակն ու բնորդուհին։ Հետագայում կինը դարձավ միանձնուհի, իսկ նկարիչը կյանքի վերջին տարիներին, նրա խնդրանքով, զբաղվում էր Վանսի Տերողորմյա Մայր տաճարի ձևավորմամբ։
Սցենարը գրում է Դոնալդ Մարտինը, որը նախկինում հիմնականում աշխատել է կանադական հեռուստատեսության համար։
Յոթանասունամյա օսկարակիր դերասան Ալ Պաչինոն վերջին ժամանակներս կենտրոնացել է Շեքսպիրի վրա. նա խաղում է Շեյլոկին բրոդվեյյան «Վենետիկի վաճառականում» և նկարահանվում է Մայքլ Ռետֆորդի «Լիր Արքայում», որը էկրաններին կլինի 2012 թվականին։










