Երևանում կբացվի գրքի երևանյան 6-րդ տոնավաճառը
Հայկական գրատպության 500-ամյակին և ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երևանը 2012թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելուն ընդառաջ փետրվարի 17-19-ը մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում կանցկացվի Գրքի երևանյան 6-րդ տոնավաճառը: Տոնավաճառին կմասնակցեն հայաստանյան շուրջ 30 հրատարակիչներ, որոնք կներկայացնեն վերջին տարիների իրենց լավագույն հրատարակությունները:
Տոնավաճառի օրերին կկազմակերպվեն հետաքրքիր միջոցառումներ երեխաների, պատանիների, ինչպես նաև նրանց ծնողների, մանկավարժների ու գրադարանավարների համար: Նախատեսվում են հանդիպումներ գրողների, մանկագիրների հետ, նոր լույս տեսած գրքերի շնորհանդեսներ, քննարկումներ, կլոր սեղաններ, հեքիաթապատումներ, տիկնիկային և թատերական ներկայացումներ, հոգեբանի խորհրդատվություն, գրքերի նվիրատվություն:
Գրքի տոնավաճառի պաշտոնական բացումը տեղի կունենա փետրվարի 17-ին՝ ժ. 14:00-ին, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում:
Տոնավաճառի կազմակերպիչներն են Հրատարակիչների ազգային ասոցիացիան, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը։










