«Արքան խոսում է» ֆիլմը բրիտանական կինոակադեմիան ճանաչել է «Տարվա լավագույն ֆիլմ»

14:40 • 14.02.11

Կինոյի ու հեռուստաարվեստների բրիտանական ակադեմիան (BAFTA) «Տարվա լավագույն ֆիլմ» ճանաչեց անգլիացի ռեժիսոր Թոմ Հուպերի «Արքան խոսում է» ֆիլմը, իսկ «Լավագույն դերասան»՝ Քոլին Ֆերտին՝ ֆիլմի գլխավոր դերակատարին։

«Արքան խոսում է» ժապավենը մրցանակի էր առաջադրվել միանգամից 14 անվանակարգում։ Այն պատկերում է Մեծ Բրիտանիայի միապետ Գեորգ 6-ի՝ ներկայիս թագուհի Ելիզավետա 2-ի հոր կյանքը։

Ֆիլմը նվիրված է նախկին հերցոգ, Յորքի արքայազն Ալբերտին, ով գահի ուղղակի ժառանգորդ չէր, և միայն ավագ եղբոր՝ Էդուարդ 8-ի՝ գահից հրաժարվելուց հետո իրավունք ունեցավ ժառանգել միապետության գահը։

Գեորգի գահ բարձրանալու փաստը ներկայացնելուն զուգահեռ ներկայացվում է նրա գլխավոր խնդիրը՝ կակազությունը, որի պատճառով էլ նա սարսափում էր հրապարակային ելույթներից։

«Արքան խոսում է» ֆիլմում հանդես եկող Հելենա Բոնեմ Քարտերը և Ջեֆրի Ռաշը ճանաչվեցին «Երկրորդ պլանի լավագույն դերասան-դերասանուհիներ»։

Բոնեմ Քարտերն արժանացավ BAFTA-ի ոսկյա դիմակի՝ Ելիզավետային՝ արքայի կնոջը մարմնավորելու համար։

Ջեֆրի Ռաշը ֆիլմում մարմնավորել է այն սրամիտ լոգոպեդին, որի ջանքերի շնորհիվ արքայազնը կարողացավ հաղթահարել կակազությունը։

«Լավագույն սցենար» անվանակարգում BAFTA-ի մրցանակին արժանացել է «Արքան խոսում է» ֆիլմի սցենարիստ Դևիդ Սայդլերը։

Քովենտ Գարդենում կայացած արարողության ժամանակ ամերիկացի դերասանուհի Նատալի Փորթմանը «Սև կարապ» (ռեժիսոր՝ Դարեն Արոնոֆսկի) ֆիլմում գլխավոր դերակատարուհուն մարմնավորելու համար ճանաչվեց «Տարվա լավագույն դերասանուհի»։ «Սև կարապը» մրցանակների էր առաջադրվել BAFTA-ի 12 անվանակարգում։

«Լավագույն երաժշտություն» անվանակարգում մրցանակ ստացավ «Սրքան խոսում է» ֆիլմի կոմպոզիտոր Ալեքսանդր Դեսպլան, «Լավագույն ռեժիսոր» ճանաչվեց Դևիդ Ֆինչերը՝ «Սոցիալական ցանց» ֆիլմի համար։
Կինոյի ու հեռուստաարվեստների բրիտանական ակադեմիան «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» ճանաչեց շվեդ ռեժիսոր Նիլս Արդեն Օպլևի «Վիշապի դաջվածքով աղջիկը» դետեկտիվ թրիլերը։

Ավանդաբար, «Ոսկե գլոբուսի» հետ BAFTA հեղինակավոր մրցանակաբաշխությունը համարվում է «Օսկարի» յուրօրինակ «նախերգանքը»։