Հնդկաստանի ոստիկանությունն արգելել է Բրայան Ադամսի համերգը
Նյու Դելիի ոստիկանությունը վերջին պահին չեղյալ է համարել երեքշաբթի նախատեսվող կանադացի հայտնի երգիչ Բրայան Ադամսի համերգը՝ զգուշանալով, որ չի կարող ապահովել շոուի անվտանգությունը, որին մեծ թվով տոմսեր են վաճառվել։ Այս մասին հայտնում են հնդկական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով իրավապահ մարմինների ներկայացուցիչներին։
Ադամսը Հնդկաստան է գնացել հարավասիական հյուրախաղերի շրջանակում և նախատեսում էր համերգներով հանդես գալ Հնդկաստանի 6 քաղաքներում։
«Միջոցառման կազմակերպիչներին մերժել են՝ անվտանգության նկատառումներից ելնելով»,- ասել է ոստիկանության պաշտոնական ներկայացուցիչ Ռաջան Բհագատան։
Համերգի անցկացմանը խոչընդոտել է նաև երեկ Հնդկաստանի մայրաքաղաքում տեղացած անձրևը։
Նրանց, ովքեր արդեն գնել են տոմսերը, համերգի կազմակերպիչները խորհուրդ են տվել սպասել մինչև համերգի անցկացման նոր օրը կամ վաճառել այն։
Պատահական չէ, որ Հնդկաստանի իշխանությունները վախենում են հրմշտոցից, որի հետևանքով տարեկան երկրի տարածքում զոհվում են հարյուրավոր մարդիկ։ Նմանատիպ դեպքեր են տեղի ունենում երկաթուղային կայարաններում, տոնակատարւթյունների և նույնիսկ նվերների բաժանման ժամանակ։










