Երգահան Սասուն Պասկևիչյան. երգը ցանկացած ստեղծագործողի ներաշխարհն է

16:24 • 15.02.11

Հին ու նոր երգերի տարբերությունների, երգարվեստի ներկայիս միտումների մասին այսօր «Ուրբաթ» ակումբում խոսեցին երգահան Սասուն Պասկևիչյանը և ժամանակակից էստրադային երգերի հեղինակ Վահրամ Պետրոսյանը։

Խոսելով հին ու նոր երգերի մասին՝ Պասկևիչյանն ասաց, թե «այդ հարցը եղել է կա ու կլինի»։ Նորօրյա երգերում սարսափելի ոչինչ չի կատարվում, նկատեց երգահանը, միայն թե «նայած ով ոնց է հասկանում այդ երգերը»։

Պետրոսյանը չհամաձայնեց լրագրողների այն դիտարկմանը, թե իր գրած երգերի մեծ մասում կան արաբաթուրքակական մելիզմներ՝ պնդելով, թե ոչ ոք չի կարող ասել՝ որն է «հայկական երգի» սահմանները։

«Կոնսերվատորիայի ֆոլկլորի ամբիոնի վարիչը ու ընդհանրապես երաժշտագետներն անգամ կդժվարանան կռվի բռնվել, բանավեճի բռնվել այդ հարցով՝ որ մելիզմն է ադրբեջանական, որը՝ պարսկական, որը՝ արաբական, որը՝ հայկական։ Դրա մեջ իրենց քիթը կամ գլուխը չեն խոթում շատ-շատ լուրջ մասնագետներ, և փոխարենը, այդ հարցով զբաղվում է 99 տոկոսը բնակչության, որովհետև բոլորը ծակ պրոֆեսորներ են»,- ասաց Վահրամ Պետրոսյանը՝ ասելով, թե չի ուզում արդարանալ, քանի որ «գուցե և կան ուրիշ ազգերից էլեմենտներ իմ երգերի մեջ»։

Որպես օրինակ նա բերեց գուսանական երաժշտությունը, որը հիմնված է արաբական «պրինցիպների վրա» և որը ներկայում ներկայացվում է որպես «հայ երաժշտության գոհար»։ «Ես շատ ուրախ եմ էն միքսի համար, որ կատարվում է ու ամեն ինչ անում եմ, որ դա շարունակվի։ Շատերը առիթ ունենալու են իրենց ականջները փակելու»,- ասաց Պետրոսյանը։

Պասկևիչյանը, անդրադառնալով Պետրոսյանի դիտարկմանը, նշեց, թե երգը ցանկացած ստեղծագործողի ներաշխարհն է։ «Ուրեմն այդ մարդը այդքան կարող է»,- ասաց նա՝ անընդունելի համարելով կոմերցիոն նպատակներով երգեր գրելը։