Վան Գոգի կտավները պետք է պահել մթությա՞ն մեջ
Գիտնականները պարզել են, որ Վան Գոգի որոշ կտավներում վառ դեղին երանգների աստիճանական խամրումը պայմանավորված է ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցության ներքո քրոմ քիմիական տարրի ակտիվացմամբ։ Այս մասին նշվում է Analytical Chemistry ամսագրում հրապարակված հոդվածում։
Վան Գոգի և նկարչի ժամանակակիցների շրջանում լայն կիրառություն գտած դեղին յուղաներկի հիմքը կազմում էր կապարի քրոմը (PbCrO4), այսպես կոչված՝ դեղին քրոմը։ 19-րդ դարում հայտնագործված և դրա հիմքի վրա ստեղծված ներկերն իմպրեսիոնիստներին հնարավորություն տվեցին հրաժարվել իրականության ռեալիստական նկարագրումից ու անցում կատարել վառ երանգների։ Հետագայում հաստատվեց դրանց թունավոր լինելու փաստը, ինչի պատճառով դեղին քրոմն անցած դարում փոխարինվեց համեմատաբեր անվտանգ ներկերով։
Դեղին քրոմի գունաթափման գործընթացը, սակայն, ոչ բոլոր կտավների վրա ազդեց. որոշ կտավներ պահպանեցին իրենց սկզբնական վառ գույները։ Վառ օրինակը Պոլ Գոգենի նկարներն են, որոնք մինչև օրս հիացնում են իրենց երանգներով։
Որոշ իմպրեսիոնիստների կտավների վրա կործանարար ազդեցություն ունեցող այդ երևույթի ուսումնասիրությամբ զբաղվեցին Անտվերպենի համալսարանի մի խումբ գիտնականններ Կոեն Յանսենսի գլխավորությամբ։ Նրանք, արհեստականորեն «հնացնելով» 100-ամյա վաղեմության ներկերը, դրանք ենթարկեցին ուլտրամանուշակագույն ճառագայթների 500-ժամյա «փորձության»։ Պարզվեց, որ դեղին ներկը փոխում է իր գույնը միայն արտաքինից, իսկ խորքային շերտերն անվնաս են մնում։
Վան Գոգի որոշ գործեր, օրինակ՝ «Սենի ափերը» և «Առլի տեսարան հասմիկներով» կտավները, բացի քրոմից, պարունակում են նաև ծծումբ ու բարիում։ Գիտնականները ենթադրում են, որ նկարիչը, ցանկանալով ընդգծել իր կտավների պայծառությունը, յուղաներկի մեջ խառնել է բարիումի սուլֆատ։
Ներկայում հետազոտական խումբն իր առջև նպատակ է դրել քիմիական մեխանիզմների կիրառմամբ կտավներին վերադարձնել իրենց նախնական պայծառությունը։










