Մահացել է ֆրանսիացի ժամանակակից գրող Ֆրանսուա Նուրիսիեն

15:03 • 17.02.11

Նախօրեին 83 տարեկան հասակում մահացել է ֆրանսիացի մեծագույն վիպագիր Ֆրանսուա Նուրիսիեն, որը գրական շրջանակում հայտնի էր որպես «մոխրագույն կարդինալ»։ Այս մասին հայտնում են ֆրանսիական զանգվածային լրատվամիջոցները։

Նուրիսիեն ոչ միայն հայտնի վիպագիր էր, այլև լրագրող, թերթերի ու ամսագրերի խմբագիր։

Գրողը երկար տարիներ տառապել է Պարկինսոնի հիվանդությամբ։ Հեղինակել է ավելի քան 20 վեպ։ Հանրությանն առավել հայտնի են նրա «Միջին տարիքի քմահաճույքները» (La creve, 1970, «Ֆեմինա» մրցանակ), «Հայրերի տոնը» (La fete des peres, 1985), «Էսկադրիլիայի բարը» (Le bar de l՚escadrille, 1997)։ Նրա ստեղծագործությունների հիման վրա նկարահանվել է մի քանի ֆիլմ։

Նուրիսիեն ծնվել է 1927թ. մայիսի 18-ին, ավարտել Փարիզի Քաղաքական գիտությունների ինստիտուտը, 1952-1956թթ. աշխատել Denoel հրատարակչատանը, 1956-1958թթ. եղել La Parisienne թերթի գլխավոր խմբագիր։ Նա շուրջ 40 տարի Grasset հրատարակչատան խորհրդատուն էր, իսկ 1996-2002թթ. Գոնկուրի ակադեմիայի նախագահը, թղթակցել է բազմաթիվ ֆրանսիական ու արտասահմանյան թերթերի, ծավալել գրական բուռն գործունեություն։

Կենդանության օրոք գրողն արժանացել է մի շարք հեղինակավոր մրցանակների։ 2002թ. նրան հանձնվել է Cino Del Duca միջազգային հեղինակավոր մրցանակը՝ հումանիզմի գաղափարների տարածման գործում անգնահատելի ավանդի համար, 2005-ին՝ ստացել Պատվո լեգեոնի շքանշան։

Գրողի աճյունն ամփոփվելու է Պեր Լաշեզում։