Մաքսիմ Վենգերով. Ես ինձ մեկ քառորդով հայ եմ համարում
Մշակույթի նախարարության աջակցությամբ ու Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հրավերով արդեն մեկ շաբաթ է, ինչ Երևանում է հայտնի դիրիժոր և ջութակահար Մաքսիմ Վենգերովը։
Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն այսօր Մաքսիմ Վենգերովի երևանյան համերգի առթիվ հրավիրված ասուլիսում ասաց, որ մեծ պատիվ է հյուրընկալել «մեր ժամանակաշրջանի կատարողական արվեստի ամենափայլուն ներկայացուցիչներից մեկին», որն արդեն համաձայնել է հաջորդ տարի Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթում գլխավորել ժյուրիի կազմը։
«Ես շատ շնորհակալ եմ ճակատագրիս, որ ինձ հնարավորություն ընձեռեց գալ Հայաստան։ Ինձ համար մեծ պատիվ է այստեղ գտնվելը»,- ասաց երաժիշտը՝ նշելով, որ Հայաստանի մասին պատկերացում է կազմել շնորհիվ իր հայ ընկերների՝ դիրիժոր, դաշնակահար Վահագն Պապյանի և երաժիշտ Վահրամ Սարաջյանի, որոնց հետ 10 տարի առաջ շրջագայել է աշխարհի բազմաթիվ երկրներում։
«Ես ինձ մեկ քառորդով հայ եմ համարում»,- կատակով ասաց Վենգերովը՝ գովասանքի խոսքեր ուղղելով Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի երաժիշտների հասցեին։ Նա նշեց, որ անհամբերությամն է սպասում փետրվարի 22-ին Արամ Խաչատրյանի անվան մեծ համերգասրահում կայանալիք համերգին։ Այս անգամ հայ հանդիսատեսը նրան թեև ավելի շատ կտեսնի դիրիժորական վահանակի մոտ, սակայն Վենգերովը խոստացավ հայ հանդիսատեսի համար ինչ-որ ստեղծագործություն նվագել իր Ստրադիվարիուսի ջութակով։
Իր խոսքում նա չբացառեց հետագայում առանձին համերգային ծրագրով հայ հանդիսատեսին ներկայանալու փաստը։
Երևանյան այցի շրջանակում ջութակահարը, որը 1997-ից ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպանն է, վարպետության դասեր կանցկացնի ՅՈՒՆԻՍԵՖ-ի մանկական նվագախմբի համար, իսկ փետրվարի 21-ին կհանդիպի Կոնսերվատորիայի ուսանողների հետ։
Մաքսիմ Վենգերովը ելույթ կունենա Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ, ծրագրում կհնչեն ստեղծագործություններ Ռիմսկի-Կորսակովից, Սիբելիուսից։
Երաժիշտը հանդես է եկել աշխարհի լավագույն նվագախմբերի հետ, ներկայում համագործակցում է Տորոնտոյի, Օսլոյի, Բելգրադի, Բերգենի, Երուսաղեմի, Տամպերեի սիմֆոնիկ նվագախմբերի հետ։ Նա մի շարք հեղինակավոր մրցանակների (Grammy, Gramophone Award UK, Edison Award, Echo Klassik Award, Brit Award, Amadeus Prise Best Recording, Ritmo և այլն) դափնեկիր է։










