Ինչո՞ւ են հայերը մոռացել Ակլատիզին, Մուրիին, Ուտիստատին

13:56 • 19.02.11

«Արատտա» երիտասարդական ակումբը նախատեսում է Հայոց ծիսական տիկնիկների ցուցահանդես–մրցույթ անցկացնել։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց ակումբի մշակութային բաժնի ղեկավար, ազգագրագետ Մանան Առաքելյանը՝ նշելով, որ հայերն այսօր մոռացել են տիկնիկները, որոնք հնում էթնիկ արժեքներ են համարվել։

«Միջոցառման նպատակը հանրությանը ծիսական տիկնիկներին ծանոթացնելն է։ Միջոցառման արդյունքում կստեղծվեն տիկնիկներ, որոնք կլինեն նմուշներ, ցույց կտան, թե ինչ տիկնիկներ ենք ունեցել հնում և ինչ գործառույթ են կատարել դրանք։ Յուրաքանչյուր տիկնիկի ծեսի մեջ տեսնում ես քո ժողովրդի դեմքը։ Այսօր մենք մոռանում են տիկնիկները, այդ արվեստը մահանում է, սակայն հնարավոր է փրկել»,– ընդգծեց նա։

Ցուցահանդես–մրցույթին մասնակցել ցանկացողները կարող են դիմել կենտրոն և գրանցվել մինչև փետրվարի 22–ը։ Արդեն իսկ գրանցվել են 20–ից ավելի մասնակիցներ։ Նրանց համար մեկ շաբաթ գիտական սեմինարներ կկազմակերպվեն, որպեսզի ծանոթանան ծիսական տիկնիկների խորհրդին։

«Դրանք չպետք է նման լինեն Վերնիսաժի շաբլոն տիկնիկներին, դրանք չեն ծիսական տիկնիկները»,– նշեց Մանան Առաքելյանը։

Ցուցահանդես–մրցույթը նախատեսվում է անցկացնել մարտի վերջին Ազգային պատկերասևահում։ Այն կբացվի ծիսական տիկնիկների մասին պատմող ֆիլմով, որը ստեղծման փուլում է։

Բանախոսը նշեց, որ այսօր ծիսական տիկնիկները մոռացության են մատնվել նաև այն պատճառով, որ մոռացել ու չենք նշում շատ տոներ։ «Մենք հետ ենք մղվել մեր տոներից, չենք նշում Բարեկենդանը, հետևաբար մոռացվել է նաև Բարեկենդանի տիկնիկը՝ Ուտիստատը»,– նշեց նա։

Հայկական ծիսական տիկնիկներից ամենաճանաչվածը Մուրին է կամ անձրևի հարս տիկնիկը։ Այն հայ ժողովրդի ամենասիրած տիկնիկն է եղել և նախատեսված է անձրև կանչելու համար։ Մեծ պասի տիկնիկը Ակլատիզն է, որը հնում հսկում էր ամբողջ պասի շրջանը և պատժում նրանց, ովքեր խախտում էին պասը։ Ակլատիզը արական սեռի տիկնիկ է։ Ծաղկամերը աղջիկներին սեր բերող տիկնիկն է։ Այս և մյուս ծիսական տիկնիկները ներկայացված կլինեն մրցույթում։ Ազգագրագետը նշեց, որ այսօր Հայաստանի որոշ գյուղերում մարդիկ Մուրիի ծեսը կատարում են և անձրև խնդրում։ Ի դեպ, մրցույթը կկրի «Անձրևի հարս» խորագիրը։

Մրցույթի հաղթողները կարժանան դրամական պարգևների։