Մաքսիմ Վենգերովը վարպետության դաս անցկացրեց Կոնսերվատորիայում
Աշխարհահռչակ դիրիժոր, ջութակահար, ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան Մաքսիմ Վենգերովն այսօր վարպետության դաս անցկացրեց 2009թ. ստեղծված ՅՈՒՆԻՍԵՖ-ի մանկական կամերային նվագախմբի համար։
«ՅՈՒՆԻՍԵՖ-ի մանկական կամերային նվագախումբը Հայաստանի հպարտությունն է։ Ես հպարտանում եմ, որ այս երկրում կան շնորհալի երեխաներ»,- ճեպազրույցի ժամանակ ասաց ջութակահարը։
«Երեխան պետք է ընտանիք ունենա» իրազեկման արշավի շրջանակում կանցկացվի բարեգործական համերգ, որի նպատակն է աջակցել Հայաստանի կառավարությանը մանկատներում գտնվող շուրջ 3 հազար երեխաների խնամքն իրականացնելու գործում։ Երաժշտի խոսքով՝ անհրաժեշտ է ֆինանսական օժանդակություն տրամադրել այն ծնողներին, ովքեր կարիքից դրդված են իրենց երեխաներին տարել մանկատներ։ «Ես՝ որպես բարի կամքի դեսպան, օգնելու եմ այդ նախագծի իրականացմանը»,- հայտարարեց նա։
«Շատ կարևոր է, որ երեխաները դաստիարակվեն ընտանիքում։ Ես իմ օրինակով կարող եմ ասել, որ երեխաների դաստիրակության համար լավագույն վայրը ընտանիքն է։ Ոչ ոք ու ոչինչ չի կարող փոխարինել ծնողներին»,- ասաց Վենգերովը։
Վարպետության դասի շրջանակում Վենգերովի գլխավորությամբ մանկական նվագախմբի սաները կատարեցին արգենտինացի աշխարհահռչակ երաժիտ, կոմպոզիտոր Աստոր Պիացոլլայի «Կնոջ բույրը» հանրահայտ ստեղծագործությունը։ Նա արգենտինական տանգոյի կրքոտ հնչյունների ուղեկցությամբ երեխաներին որոշ խորհուրդներ տվեց՝ իր հիացմունքը հայտնելով վերջիններիս կատարողական բարձր արվեստի նկատմամբ։










