«Իմ առաջին գիրքը» շարքի հայերեն հրատարակություններով սկսվել է «Խոսենք հայերեն» մշակութային քարոզարշավը

18:40 • 22.02.11

Գեղագիտության ազգային կենտրոնի մանկական ստեղծագործության թանգարանում այսօր ներկայացվեցին «Դորլինգ Քինդերսլիի» «Իմ առաջին գիրքը» հանրահայտ շարքի հայերեն հրատարակությունները, որով և մեկնարկեց «Խոսենք հայերեն» մշակութային քարոզարշավը: Բանախոսներն էին «Վէմ» հրատարակչության ղեկավար տեր Մեսրոպ քահանա Արամյանը և «Խոսենք հայերեն» մշակութային քարոզարշավի գործընկեր, բջջային օպերատոր «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Գրքերում ներկայացված բառերի մի մասը գործածվում է ոչ հայերեն համարժեքներով։Այս հրատարակությունների նպատակներից է նաև վերականգնել հայոց լեզվի մաքրությունը և լայն շրջանառության մեջ դնել առօրյայում գործածվող բազմաթիվ բառերի հայերեն համարժեքները:

«Երեխայի հոգին մաքուր թղթի նման է: Ինչպիսին ցանկանում եք տեսնել նրան, այդպիսի լիցքեր կարող եք հաղորդել փոքրիկին: Առաջին և կարևոր միջոցը լեզուն է: Մարդու լեզվամտածողությունը բացահայտում է նրա էությունը: Կարևոր է, որ լեզուն լինի մաքուր` մայրենի ակունքներից սնված»,-ասաց Ռալֆ Յիրիկյանը:

Գրքերի շարքը հայերեն է թարգմանել և հրատարակել «Վէմ» հրատարակչությունը: Հայերեն լույս է տեսել «Իմ առաջին գիրքը» շարքի 10 անուն գիրք՝ նախատեսված նախադպրոցական տարիքի երեխաների բառապաշարը զարգացնելու համար: Շարքը ներառում է հետևյալ գրքերը. «Ագարակ», «Բառեր», «Բեռնատարներ», «Գույներ», «Թվեր», «Կենդանիներ», «Հականիշներ», «Մարմին», «Շարժվող առարկաներ», «Տնային կենդանիներ»: Գրքերում ամփոփված է շուրջ հազար բառ:

Հանրահայտ «Դորլինգ Քինդերսլի» հրատարակչության «Իմ առաջին գիրքը» շարքի նկարազարդ ու գունեղ գրքերի միջոցով աշխարհի տարբեր ժողովուրդների միլիոնավոր երեխաներ ճանաչում են իրենց մայրենին ու շրջապատող աշխարհը: Բառերի ընտրությունը, դրանց համադրումը և գունային լուծումներն արված են այնպես, որ գրավեն երեխայի ուշադրությունը և տրամադրեն սովորելու: «Իմ առաջին գիրքը» շարքը թարգմանվել է բազմաթիվ լեզուներով և հրատարակվել աշխարհի շատ երկրներում (ԱՄՆ, Չինաստան, Հնդկաստան, Ռուսաստան, Անգլիա, Գերմանիա, Ֆրանսիա, Իսպանիա, Շվեդիա և այլն): Այս հրատարակությունների գլխավոր սկզբունքը հետևյալն է. այն, ինչ տեսնում է երեխան, պետք է կարողանա արտահայտել իր մայրենի լեզվով: