Տիգրան Հեքեքյան. Պետությունը պարտավոր է կրթել իր երեխաներին, որովհետև նրանք վաղը դառնում են անկիրթ ծնողներ

16:45 • 23.02.11

Վերջին շրջանում թեժ քննարկման թեմա է դարձել հեռուստատեսությամբ և ռադիոյով հնչող ռաբիս և արևելյան մելիզմներով հագեցած երաժշտությունը։ Թեման ավելի թեժացավ, երբ երիտասարդ հայ երգահաններից մեկը վերջերս խոսեց հայ երաժշտության և արևելյան մելիզմների «հայկականության» մասին։

«Այն, ինչի մասին այսօր խոսում ենք, արդեն հետևանք է։ Գոյություն ունեն պատճառներ, այսինքն՝ այն, ինչի մասին խոսում ենք, պտուղներն են։ Մենք մոռանում ենք, որ ծառն է տալիս պտուղներ»,- ասաց «Հայաստանի փոքրիկ երգիչներ» հայկական ազգային դասական և ժամանակակից երգչախմբի տնօրեն Տիգրան Հեքեքյանը։

Ըստ նրա՝ ստեղծված վիճակը պետականության բացակայության և օտար լծի տակ հարյուրամյակներ շարունակ ապրելու արդյունք է։ «Սա թերի ճաշակի հետևանք է»,- ասաց բանախոսը՝ հակադրվելով նրանց, ովքեր առաջնորդվում են «անկապ, հոգնեցնող ճաշակին ընկեր չկա» արտահայտությամբ։ «Կա ճաշակ ու կա անճաշակություն։ Այդտեղ հավասարության նշան չի կարելի դնել»,- համոզված է Տ. Հեքեքյանը։ Նրա խոսքով՝ այսօր յուրաքանչյուր էստրադային երգիչ իր պարտքն է համարում սեփական երգացանկում ներառել մելիզմատիկայով, մուղամային տարրերով հագեցած երգեր։ Ըստ նրա՝ մուղամը, որն Արևելքում արվեստ է համարվում, բնորոշ չէ հայ երգարվեստին։

Երգչուհի Լիլիթ Պիպոյանը, համամիտ լինելով Տիգրան Հեքեքյանի հետ, չժխտեց պատմական փոխազդեցությունների դերը։ «Ես քսենոֆոբ չեմ և հարգում եմ ամբողջ Արևելքի արվեստը։ Ուրիշ հարց է, երբ մեր երաժշտության մեջ լսում ենք գռեհկություններ, ցածրաճաշակ, ցածրորակ վավաշներ»,- զայրացած ասաց երգչուհին։ Նա կարևորեց հայկական ինքնությունը շեշտելու, հայկական արվեստը տարածելու հարցը՝ կոչ անելով հեռուստաընկերություներին ստանձնել այդ պարտավորությունն ու պայքարել «ամենապրիմիտիվ բնազդների», այդ թվում՝ ցածրորակ երաժշտության դեմ։

Հեքեքյանի խոսքով՝ երաժշտությունը տիեզերական լեզու է, որը հեշտորեն է ներթափանցում մարդու հոգու մեջ, այդ պատճառով էլ պետք է զգույշ լինել պարտադրված ճաշակի գերի չդառնալու համար։ «Պետությունը պարտավոր է կրթել իր երեխաներին, որովհետև նրանք վաղը դառնում են անկիրթ ծնողներ և շարունակում են երկրաչափական պրոգրեսիայով մեծացնել անկիրթ հասարակության զանգվածի չափը։ Սա պետական անվտանգության խնդիր է»,- նշեց երաժիշտը՝ հիշեցնելով, որ պատերազմը ոչ միայն մարտի, այլև մշակութային դաշտում է։

Ստեղծված վիճակից ելքը բանախոսները տեսնում են միայն ճիշտ մշակված պետական քաղաքականության ու դպրոցից երեխաների մեջ հայ երգարվեստի հանդեպ սեր սերմանելու մեջ։