Մաքքարթնին երաժշտություն է գրել բալետի համար

14:56 • 25.02.11

Սըր Փոլ Մաքքարթնին կյանքում առաջին անգամ երաժշտություն է գրել բալետի համար։ «Օվկիանոսի թագավորություն» (Ocean's Kingdom) անվանմամբ ներկայացման պրեմիերան ներառված է New York City Ballet-ի (NYCB) սեպտեմբերյան ծրագրում, հաղորդում է The New York Times-ը։

Մաքքարթնիին պարային ներկայացման համար երաժշտություն գրելու գաղափարն առաջարկել է այդ խմբի գեղարվեստական ղեկավար Փիթեր Մարտինսը, իսկ ստեղծագործությունը նվագախմբի համար գործիքավորել օգնել է երգահան Ջոն Ուիլսոնը։

«Ինձ համար միշտ հետաքրքիր է եղել աշխատել նոր ուղղություներով, և ես տարվեցի այդ գաղափարով,-ասել է Մաքքարթնին։ -Երբ ես Փիթերի հետ հանդիպումից հետո վերադարձա Անգլիայից, սկսեցի գրել երաժշտությունը... Ինձ հետաքրքիր էր ոչ միայն երգ գրելը, այլև կերտել երաժշտություն, որն արտահայտում է զգացմունքներ, փոխանցել վախ, սեր, զայրույթ, տխրություն...»։

Ներկայացումը կազմված կլինի 4 գործողությունից՝ 40-50 րոպե ընդհանուր տևողությամբ, որում ներգրավված կլինեն 40-45 պարողներ։

Թերթին տված հարցազրույցում Մաքքարթնին պատմել է, որ իր բալետը «ռոմանտիկ պատմություն է», որի գործողությունները տեղի են ունենում երկու աշխարհներում՝ մաքրությամբ լի օվկիանոսի և չարությամբ լի ցամաքի թագավորություններում։

Սակայն սա դասական երաժշտության բագավառում Մաքքարթնիի առաջին փորձը չէ։ Նա 1991 թ. գրել էր «Լիվերպուլյան օրատորիա» ստեղծագործությունը սիմֆոնիկ նվագախմբի համար, որից հետո թողարկել է դասական ուղղվածությամբ մի քանի ալբոմ։