Բրիտանական «Թագավորը խոսում է» ֆիլմը շահեց Օսկարի գլխավոր մրցանակը
Այս գիշեր տեղի ունեցած Օսկար 83-րդ մրցանակաբաշխության 12 անվանակարգում նոմինացված «Թագավորը խոսում է» ֆիլմը հաղթող է ճանաչվել 4 անվանակարգում՝ լավագույն ֆիլմ, լավագույն տղամարդու դեր, լավագույն ռեժիսոր, լավագույն օրիգինալ սցենար։
Նույնքան մրցանակ է ստացել «Սկիզբը» (հատուկ էֆեկտներ, ձայնային մոնտաժի որակ, ձայնային էֆեկտներ, կինեմատոգրաֆիայում ունեցած նվաճումներ (Ուոլլի Պֆիստեր)։
«Սոցիալական ցանցը» ստացել է երեք «Օսկար»՝ լավագույն մոնտաժ, լավագույն ֆիլմի երաժշտություն, լավագույն ադապտացված սցենար։
Լավագույն կնոջ դեր մրցանակը ստացել է Նատալի Պորտմանը «Սև կարապ» ֆիլմի համար։ Այս նոմինացիայում առաջադրված են եղել նաև Ջենիֆեր Լոուրենսը («Ձմեռային ոսկորներ»), Նիկոլ Քիդմանը («Նապաստակի մորթի»), Միշել Ուլյամսը («Երկնագույն Վալենտին»), Աննետ Բենինգը («Երեխաները լավ են»)։
Լավագույն տղամարդու դերի համար Օսկար է ստացել Քոլին Ֆերտը («Թագավորը խոսում է»)։ Այս անվանակարգում նրա հետ պայքարում էին Ջեսսի Էյզենբերգը («Սոցիալական ցանց»), Ջեֆֆ Բրիջեսը («Երկաթե հմտություն»), Խավիեր Բարդեմը («Գեղեցկություն»)։
Լավագույն ռեժիսոր մրցանակը շնորհվել է Թոմ Հուփերին («Թագավորը խոսում է»)։ Այս մրցանակի համար նրա հետ պայքարում էին «Սև կարապ», «Սոցիալական ցանց», «Մարտիկը», «Երկաթե հմտություն» ֆիլմերի ռեժիսորները։
«Վրեժ» ֆիլմը ստացել է լավագույն օտար լեզվով ֆիլմ մրցանակը (Դանիա)։ Ֆիլմի ռեժիսորը Օսկարում նոմինացվել է 8 անգամ և ստացել երկու մրցանակ։
2010թ. լավագույն մուլտֆիլմ անվանակարգում մրցանակ է շնորհվել «Խաղալիքների պատմություն. մեծ փախուստ» մուլտֆիլմին (ԱՄՆ)։ Ֆիլմի ռեժիսոր Լի Ունկրիկը Օսկար էր ստանում առաջին անգամ։
Երկրորդ պլանի լավագույն կնոջ դերի համար մրցանակ է ստացել Մելիսսա Լեոն («Մարտիկը»)։ Երկրորդ պլանի տղամարդու լավագույն դերի համար մրցանակը շնորհվել է Քրիսթիան Բեյլին։
Գեղարվեստական ձևավորման և դեկորացիայի որակի համար մրցանակը շնորհվել է «Ալիսան հրաշքների աշխարհում» մուլտֆիլմին։ Մրցանակը ստացել է Ռոբերթ Սթրոմբերգը և Կարեն Օ'Հարան։ Այս ֆիլմը հաղթել է նաև «հագուստի լավագույն դիզայն» անվանակրգում (Քոլին Էտվուդ)։
Լավագույն վավերագրական ֆիլմ է ճանաչվել «Ներքին գործը» (Չարլզ Ֆերգյուսոն և Օդրի Մարսս)։
Լավագույն կարճամետրաժ վավերագրական ֆիլմ է դարձել «Արդեն ավելի վատ չէ» ֆիլմը, որում պատմվում է Թել Ավիվի կենտրոնում գտնվող իսրայելական «Բյալիկ–Ռոգոզին» դպրոցի մասին, որտեղ սովորում են 48 տարբեր երկրներից փախստականներ։
Ամերիկյան կինոակադեմիան մրցանակներ է շնորհում 25 անվանակարգերում։ Նոր հաղթողների համար պատրաստվել է 50 ոսկե գլոբուս։ Բոլոր տարիներին ակադեմիան շնորհել է 2768 կինոմրցանակ, այդ թվում 40-ը անցյալ տարում։
Արարողությունը վարել են 32-ամյա դերասան Ջեյմս Ֆրանկոն և 28-ամյա դերասանուհի Էնն Հեթեուեյը։
Արարողությունը նախատեսվում է անցկացնել 3 ժամ, սակայն սովորաբար ավելի երկար է տևում։ Յուրաքանչյուր հաղթողի տրվում է ոչ ավել, քան 45 վայրկյան՝ իրենց զգացմունքներն արտահայտելու համար։
«Կոդակ» համալիրից հեռարձակումն իրականացրել է ABC հեռուստաընկերությունը։ Վերջնիս տվյալներով արարողությունը դիտել է մի քանի հարյուր միլիոն հեռուստադիտող տարբեր երկրներից։ Արարողությունը լուսաբանելու համար արտոնվել են մոտ 704 լրատվամիջոցներ։










