Մոսկվայի ակադեմիական թատրոնը Ռուբեն Վարդանյանի «զավակի» մասին օպերա է բեմադրել
Մոսկվայի Ստանիսլավսկիի և Նեմիրովիչ Դանչենկոյի անվան ակադեմիական թատրոնում ապրիլի 12–ին տեղի կունենա Сколково նորարարական կենտրոնին նվիրված օպերայի պրեմիերան։ Կենտրոնի նախագահը «Տրոյկա դիալոգ» ընկերությունների խմբի տնօրենների խորհրդի նախագահ Ռուբեն Վարդանյանն է։
Կազմակերպիչների խոսքով՝ ներկայացումը կրում է «Ասք «Սկոլոկովո» գիտության տաճարի մասին» անվանումը։ Ներկայացումը պատմում է Ռուսաստանում նորարարական տեխնոլոգիաների զարգացման մասին։
Ներկայացման սյուժեի համաձայն՝ Մոսկոպոտամիա երկրում երկու եղբայրներ են իշխում՝ Փողի Աստվածը և Գիտության Աստվածը։ Փողի Աստվածն իր տաճարն ունի, իսկ Գիտության Աստվածը՝ ոչ։ Մի օր վեզիրը երազում տեսնում է, որ երկրում նավթը վերջացել է և իր տերերին հայտնում է այդ ահավոր նախանշանակի մասին։
Եղբայրները որոշում են երկիրը կործանումից փրկելու համար Գիտության տաճար կառուցել։ Իմաստուն վեզիրը հնարավոր բոլոր ջանքերը գործադրում և Փողի քրմերին ստիպում է նորարարություններ անել և Գիտության վեհ տաճարը կառուցել։
Նշենք, որ նոր տեխնոլոգիաների մշակման և առևտրայնացման «Սկոլկովո» կենտրոնը, որ նախատեսվում է կառուցել Մերձմոսկովյան շրջանում, ամերիկյան «Սիլիցիումային հովտի» (Silicon Valley) նմանօրինակն է։
Փաստացի դա մի նոր քաղաք է լինելու, որտեղ կենտրոնի հիմքի վրա կզարգանան հինգ բարձր տեխնոլոգիական ուղղությունները՝ էներգետիկան, տեղեկատվական տեխնոլոգիան, հեռահաղորդակցությունը, միջուկային և կենսաբժշկական տեխնոլոգիաները։ Սպասվում է, որ այդ նախագծին աջակցելու համար ՌԴ պետբյուջեից 85 մլրդ ռուբլի կհատկացվի։ Սկոլկովո քաղաքը նաև համալսարան կունենա։










