Մարիամ Ղազանչյանը Մոսկվայում հանդես կգա նոր մոնոներկայացմամբ

14:40 • 01.03.11

Դերասանուհի Մարիամ Ղազանչյանը մարտի 8-9-ին և 11-12-ին Մոսկվայի Պ. Ֆոմենկոյի արվեստանոցում հանդես կգա «Մարսել» մոնոներկայացմամբ:

Բեմադրությունը, ինչպես նաև բեմական ֆանտազիան իրականացրել է Հակոբ Ղազանչյանը: Սա Մ. Ղազանչյանի արդեն երրորդ մոնոներկայացումն է:
Ինչպես տեղեկացրին Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնի մամլո բաժնից, «Մարսել» մոնոներկայացման հիմքում լեգենդար ֆրանսիացի երգչուհի Էդիտ Պիաֆի դառը ապրումներն են, որին տանջում է իր սիրեցյալ Մարսել Սերդանի ողբերգական մահը: Ներկայացման ընթացքում հնչելու է 12 երգ Պիաֆի երգացանկից:

«Մարսել» մոնոներկայացման երևանյան առաջնախաղը տեղի կունենա «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի շրջանակում: Փառատոնն այս տարի կանցկացվի ապրիլի 3-8-ը: