Վենետիկում կկազմակերպվի Հայ գրատպության 500-ամյակին նվիրված ցուցահանդես

16:52 • 02.03.11

Փետրվարի 28-ին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի և Վենետիկի Քաղաքային թանգարանների հիմնարկության (ՎՔԹՀ) նախագահ Վալտեր Հարցարիչի միջև ստորագրվել է Վենետիկում առաջին հայալեզու գրքի հրատարակման 500-ամյակի առթիվ Սան Մարկո հրապարակի հռչակավոր թանգարաններում ցուցահանդես կազմակերպելու մասին համաձայնագիրը: Կողմերը մեծ գոհունակություն են հայտնել այս իրադարձության սկիզբը դնելու առիթով և պարտավորվել են լավագույնս կազմակերպել հայ գրատպության 500-ամյակը խորհրդանշող ցուցահանդեսը, որը տեղի կունենա Հայաստանի Հանրապետության և Իտալիայի Հանրապետության նախագահների բարձր հովանու ներքո:

Արարողությանը, որը տեղի է ունեցել ՎՔԹՀ տնօրինության սրահում, ներկա են եղել ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիգեն Սարգսյանը, Իտալիայում ՀՀ դեսպան Ռուբեն Կարապետյանը, ինչպես նաև ցուցահանդեսի կուրատորներ` Պողոս Գաբրիելա Ուլուհոջյանը, Լևոն Զեքիյանը և Վարդան Կարապետյանը, ով, բացի այդ, աշխատանքների ընդհանուր համակարգողն է:

Ինչպես հայտնում են Մշակույթի նախարարությունից, հաջորդ առավոտյան` մարտի 1-ին, ՀՀ պաշտոնական պատվիրակությանը և ցուցահանդեսի կուրատորներին ընդունել է Վենետիկի քաղաքապետ Ջորջո Օրսոնին: Քննարկվել են ցուցահանդեսի շրջանակներում լայնամասշտաբ համագործակցության` մասնավորապես քաղաքային համապատասխան կառույցները միջոցառման կազմակերպման և գովազդման նպատակով տրամադրելու հնարավորությունները: Քննարկվել է նաև Սան Մարկոյի մայր տաճարում հայ հոգևոր երաժշտության համերգ կազմակերպելու հարցը: ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը քաղաքապետին հրավիրել է այցելել Հայաստան և, այդ առիթով, առաջարկել է բանակցություններ սկսել 2012թ. հոբելյանական տարվա շրջանակներում Վենետիկը և Երևանը քույր քաղաքներ հռչակելու ուղղությամբ: Հանդիպումը, որի ընթացքում կողմերը փոխանակել են կարծիքներ ու տպավորություններ, անցել է ջերմ և գործնական մթնոլորտում: Ավարտին հանդիպման մասնակիցները միացել են Սան Մարկոյի ազգային գրադարանի տնօրինությանը, որի հետ նույն գրադարանի մեծ դահլիճում ստորագրվել է ևս մեկ համաձայնագիր, համաձայն որի՝ Եվրոպայի գրադարանային այդ ամենահին կառույցը կհյուրընկալի հայ գրատպության 500-ամյակին նվիրված ցուցահանդեսի բաժիններից մեկը: