Բեյոնսեն Կադաֆիից ստացած 1 միլիոն դոլարը նվիրաբերել է բարեգործությանը
Ամերիկյան փոփ երգչուհի Բեյոնսեն հայտարարել է, որ Լիբիայի առաջնորդ Մուամար Կադաֆիից ստացած 1 միլիոն դոլարը նվիրաբերել է բարեգործական հիմնադրամի։
2010թ. նախաշեմին Բեյոնսեն երգիչ Աշերի հետ մասնակցել է կարիբյան Սան Բարտս կղզում տեղի ունեցած ամանորյա մասնավոր երեկույթի, որտեղ երգել է Կադաֆիի ընտանիքի առջև։ Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ երեկույթի հեղինակը եղել է Լիբիայի առաջնորդի որդին՝ Հաննիբալը, իսկ երգչուհին հինգ երգի համար ստացել է շուրջ 1 միլիոն դոլար։
Նախօրեին երգչուհու ներկայացուցիչները հայտարարել են, որ Բեյոնսեի՝ ելույթից ստացած հոնորարը հանձվել է բարեգործական հիմնադրամի, երբ պարզ է դարձել, որ համերգի կազմակերպիչները կապ են ունեցել Կադաֆիի ընտանիքի հետ։
Բեյոնսեի մենեջերի խոսքով՝ գումարը երգչուհին նվիրաբերել է դեռ մեկ տարի առաջ Հաիթիի ավերիչ երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած բնակչության կարիքները հոգալու համար։ Այդ ժամանակ Հաիթիի օգնության հիմնադրամը ղեկավարում էին ԱՄՆ նախկին նախագահներ Բիլ Քլինթոնը և Ջորջ Բուշ Կրտսերը։ Հիմնադրամն արդեն հաստատել է, որ Բեյոնսեն գումարը փոխանցել է երկրաշարժից անմիջապես հետո։
Ավելի վաղ կանադացի երգչուհի Նելլի Ֆուրտադոն հայտարարել էր, որ հրաժարվում է 2007թ. մի երեկույթի ժամանակ Կադդաֆի ընտանիքի առջև ելույթ ունենալու համար իրեն վճարված 1 միլիոն դոլար հոնորարից։
Երգիչներն սկսեցին հրաժարվել Կադդաֆիի փոխանցած գումարներից այն ժամանակ, երբ Կադաֆիի ռեժիմի դեմ սկսվեցին զանգվածային ցույցերը։
Նշենք, որ բացի վերոնշյալ երգիչներից, Կադաֆիի կլանի կազմակերպած միջոցառումներին մասնակցել են նաև Մըրայա Քերին, 50 Սենթը և Լայոնել Ռիչին։ Վերջիններս դեռ հանդես չեն եկել որևէ հայտարարությամբ։










