Էլվիսը հետմահու կդառնա Բուդապեշտի պատվավոր քաղաքացի
Էլվիս Փրեսլիին հետմահու կշնորհվի Բուդապեշտի պատվավոր քաղաքացու կարգավիճակ։ Բացի այդ, քաղաքի փողոցներից մեկը կանվանակոչվի «ռոք-ն-ռոլլի արքայի» անունով։ Այս մասին, ինչպես հաղորդում է Associated Press-ը, հայտարարել է Հունգարիայի մայրաքաղաքի քաղաքապետ Իշտվան Թարլոշը։
Պաշտոնյան խոստովանել է, որ սկավառակների իր հավաքածուում Էլվիս Փրեսլիի ոչ մի ալբոմ չունի և այդ որոշումն ընդունել է քաղաքական պատճառներով։ Նրա խոսքերով՝ Էլվիսին այդ կարգավիճակը կշնորհվի 1956թ. Հունգարական ապստամբության ժամանակ հունգարացիներին աջակցություն հայտնելու համար։
Խոսքը գնում է 1957թ. հունվարի 6-ին «Էդ Սալլիվանի շոուին» Փրեսլիի ելույթի մասին։ Եթերում երգիչը կատարել է «Peace in the Valley» երգը։ Ծրագրի վարող Էդ Սալիվանն այդ երգի ընտրությունը մեկնաբանել է որպես Փրեսլիի մեծ ցանկություն՝ արտահայտելու իր անհանգստությունը Հունգարիայի կոմունիստական վարչակարգի տապալմանն ուղղված ապստամբությունը ճնշելու հարցով։
Առաջիկա օրերին Բուդապեշտի քաղաքացիները կընտրեն, թե քաղաքի կոնկրետ որ վայրը կանվանակոչվի Փրեսլիի անունով։ Ընդհանուր առմամբ այդ ցուցակում հայտնվել է 12 փողոցի անուն։ Քաղաքային ադմինիստրացիայի պաշտոնական կայքում անցկացվող քվեարկությունը կավարտվի մարտի 15-ին։










