Վաղը «Մոսկվա» կինոթատրոնում կմեկնարկի Բրիտանական ֆիլմերի 9-րդ փառատոնը
Մարտի 8-ին «Մոսկվա» կինոթատրոնում կմեկնարկի արդեն ավանդական դարձած Բրիտանական ֆիլմերի փառատոնը։ Այն կանցկացվի Երևանում, Վանաձորում և Կապանում մարտի 8-16-ը:
Բացման արարողության ժամանակ ելույթ կունենան Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Չառլզ Լոնսդեյլը, Բրիտանական խորհրդի գրասենյակի ղեկավար Արևիկ Սարիբեկյանը։ Համերգային ծրագրով հանդես կգա V.O.X բրիտանական փոփ խումբը։ «Մոսկվա» կինոթատրոնի կարմիր սրահում ժ. 17։00-ին հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտել ռեժիսոր Նայջել Քոուլի «Արտադրված է Դագենհեմում» ֆիլմը։
Փառատոնի հյուրն է Սառա Ռոսը, ով դասընթացներ կանցկացնի Երևանում, Վանաձորում և Կապանում:
Բրիտանական ֆիլմերի փառատոնը ներկայացնում է բրիտանական ժամանակակից կինոարվեստի լավագույն աշխատանքները: Փառատոնի շրջանակում կցուցադրվեն տարբեր ժանրերի ֆիլմեր` կատակերգությունից մինչև փաստավավերագրական:
Փառատոնը հնարավորություն է տալիս բրիտանական ֆիլմերը հասանելի դարձնել հատկապես երիտասարդներին` նրանց ներկայացնելով ժամանակակից Բրիտանիան:
Փառատոնի ընթացքում ցուցադրվող ֆիլմերը կներկայացնեն Մեծ Բրիտանիայի քաղաքացիների առօրյան, կպատմեն բրիտանական հասարակության, մարդկանց հույզերի և մտորումների մասին:
Փառատոնի ընթացքում կցուցադրվի վեց ֆիլմ՝ «Արտադրված է Դագենհեմում», «Արբոր», «Վարդագույն սարիներ», «Ժողովրդի թշնամիները», «Բաբելոնի զավակը», «Ըստ կասկածանքի»): Մուտքն ազատ է:










